1lurer.am: Ոչ մի նշան չկա, որ ԱՄՆ-ն մտադիր է կրճատել կամ ամբողջությամբ դուրս բերել իր զորքերը Եվրոպայից, հայտարարել Է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան երեքշաբթի՝ փետրվարի 18-ին, Վարշավայում Ուկրաինայի հարցով Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ բանակցություններից հետո:
Անցյալ շաբաթ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն էլ Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել էր, որ ԱՄՆ-ն, ընդհակառակը, կարող է մեծացնել իր զորախումբը Լեհաստանում, քանի որ Ուկրաինայի սահմանները մնում են անորոշ, հիշեցնում է dpa-ն։ Հեգսեթը նաև շեշտել էր, որ դա իր անձնական դիրքորոշումն է։
Ինչպես գրում է dpa-ն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին՝ ավելացնել պաշտպանական ծախսերը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթը Մյունխենի անվտանգության համաժողովում, ուժեղացրել է եվրոպացի ղեկավարների շրջանում մտավախությունը, որ ամերիկացիները կարող են զորքերը դուրս բերել մայրցամաքից:
ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության տվյալների համաձայն՝ Եվրոպայում տեղակայված է մոտ 78.000 ամերիկացի զինծառայող, այդ թվում՝ մոտ 37.000-ը՝ Գերմանիայում։ Լեհաստանում նրանց թիվը մոտ 10 հազար է։
comment.count (0)