azatutyun.am: Գերմանիայում փետրվարի 23-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթած Պահպանողական կուսակցությունների դաշինքի ղեկավար Ֆրիդրիխ Մերցը որպես առաջնահերթություն նշել է ԱՄՆ-ից «իրական անկախացումը», հաղորդում է Reuters-ը։
Լրատվամիջոցը նշում է, որ Գերմանիայի 69-ամյա նոր կանցլերին կոալիցիա ձևավորելու համար բարդ և երկար բանակցություններ են սպասվում, այն բանից հետո, երբ ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած ծայրահեղ աջերի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը պատմական ռեկորդ է գրանցել՝ ստանալով ձայների մոտ 20,8 տոկոսը։
Reuters-ը նշում է, որ հիմնական կուսակցությունները բացառում են համագործակցությունը AfD-ի հետ, որը վայելում է ԱՄՆ հայտնի գործիչների, այդ թվում՝ միլիարդատեր և նախագահ Դոնալդ Թրամփի դաշնակից Իլոն Մասկի աջակցությունը։
Մերցը քննադատել է Թրամփին՝ նշելով, որ նրա վարչակազմը ցույց է տվել, որ «մեծապես անտարբեր է Եվրոպայի ճակատագրի նկատմամբ»:
«Իմ բացարձակ առաջնահերթությունը կլինի նպաստելու Եվրոպայի հնարավորինս արագ հզորացմանը, որպեսզի մենք քայլ առ քայլ կարողանանք հասնել ԱՄՆ-ից իրական անկախության»,- հավելել է նա։
Չնայած Մերցի քննադատություններին՝ Թրամփը ողջունել է ընտրությունների արդյունքները: «Ինչպես Միացյալ Նահանգները, Գերմանիայի ժողովուրդը ևս հոգնել է էներգետիկայի և ներգաղթի վերաբերյալ տարիներ շարունակ առկա անմիտ օրակարգից», - գրել է Թրամփը Truth Social-ում:
comment.count (0)