armenpress.am: Միացյալ Նահանգները դիվանագիտական նոտա է տարածել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ կոչ անելով հավանություն տալ Ուկրաինայի վերաբերյալ իր կողմից ավելի վաղ առաջարկված չեզոք բանաձևի նախագծին և դեմ քվեարկել եվրոպական դաշնակիցների և Ուկրաինայի կողմից ներկայացված բանաձևին։ Այս մասին փետրվարի 23-ին հաղորդել է Reuters գործակալությունը։
Ըստ գործակալության տվյալների՝ Վաշինգտոնը երկրներին խնդրել է «դեմ քվեարկել ցանկացած այլ բանաձևի կամ ուղղումների», որոնք կարող են ներկայացվել փետրվարի 24-ին։ ԱՄՆ-ն իր կոչը բացատրել է այն բանով, որ իր առաջարկած նախագիծն իրենից ներկայացնում է «հեռանկարային բանաձև՝ կենտրոնացած մեկ պարզ գաղափարի՝ պատերազմի ավարտի վրա»: ԱՄՆ-ն նաև կարծում է, որ ընդունելով իր փաստաթուղթը՝ «ՄԱԿ-ի անդամ երկրները կկարողանան իսկական ազդակ հաղորդել միջազգային խաղաղությանը և անվտանգությանը, որոնց պահպանումը ՄԱԿ-ի առանցքային նպատակն է»։
ԱՄՆ-ն առաջին անգամ է հրաժարվել համահովանավորել ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը, որը Ռուսաստանից կրկին պահանջում է դուրս բերել իր զորքերն այդ երկրից և դադարեցնել ռազմական գործողությունները։
ԱՄՆ-ի առաջարկած փաստաթուղթը չի բովանդակում Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ հակամարտությունը սկսելու համար։ Տեքստը նաև վիշտ է հայտնում ռուս-ուկրաինական հակամարտությունում մարդկային կյանքի ողբերգական կորստի կապակցությամբ և կոչ է անում շուտափույթ վերջ դնել դրան։
15 անդամից բաղկացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ ծավալելու 3-րդ տարելիցին, կքվեարկի ԱՄՆ-ի առաջարկած փաստաթղթի շուրջ։ Հաստատվելու համար հարկավոր է առնվազն 9 ձայն, բացի այդ, ՄԱԿ-ի ԱԽ մշտական 5 անդամները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Բրիտանիան և Ֆրանսիան, չպետք է վետո դնեն նախագծի վրա։
comment.count (0)