«Մեր գյուղը թալանում են». Ողջաբերդի բնակիչները ՏԿԵ նախարարի հետ հանդիպում են պահանջում
 |news.am|
13:49 - 24 փետրվարի, 2025

«Մեր գյուղը թալանում են». Ողջաբերդի բնակիչները ՏԿԵ նախարարի հետ հանդիպում են պահանջում |news.am|

news.am: Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչները պահանջում են հետ վերադարձնել գյուղի վարչական ղեկավար Աշոտ Մուշեղյանին, որի լիազորությունները կասեցվել էին ամիսներ առաջ։

«Նա աշխատել է 2 տարի եւ գյուղի համար արել է այնքան բան, որ չի արվել նախկին ղեկավարի ժամանակ 30 տարվա ընթացքում: Հիմա չգիտես ինչու, մեր մարզպետը իրեն գործից հանել է՝ պատճառաբանելով, որ իրավապահ մարմինների հետ ունեցել է խնդիրներ: Նա այդ երկու տարում ամբողջ գյուղն ասֆալտապատել է, լուսավորել է, գերեզմանները ցանկապատել է, դաշտ իջնող ճանապարհը ուղղել է: Ամեն ինչ արվել է այս երկու տարվա մեջ»,- ասաց Ողջաբերդի բնակիչ Աշոտ Վարդանյանը՝ շեշտելով, որ օրեր առաջ վարչական ղեկավարի պաշտոնում նշանակվել է նախկին գյուղապետի որդին։

Ակցիայի մասնակցի խոսքով, Աշոտ Մուշեղյանի լիազորությունները ժամանակավոր էին կասեցվել քրեական վարույթի շրջանակում, և այդ ընթացքում գյուղը չուներ վարչական ղեկավար։

«Հիմա, երբ արդեն քրեական վարույթը չկա, Աշոտ Մուշեղյանն էլ արդարացվել է, իմանում ենք, որ նոր գյուղապետ են նշանակել»,- ասաց նա՝ նշելով, որ Ողջաբերդի բնակիչները հանդիպում են պահանջում ՏԿԵ նախարարի հետ, որպեսզի ստանան իրենց հարցերի պատասխանները։

Աշոտ Վարդանյանի խոսքով, 8 ամվսա ընթացքում գյուղի արոտավայրերն օտարվել են, և բնակիչներն այդ մասին որևէ տեղեկություն չեն ունեցել։

«Դրանք գյուղնշանակության հողեր են եղել, որոնցից գյուղացիները օգտվել են: Մեր գյուղը թալանում են։ Երևի Աշոտ Մուշեղյանը խանգարում էր այդ հարցում, դրա համար պատճառ բերեցին, իբրև իրավապահ մարմինների հետ խնդիր ունի, հիմա էլ իրենց ուղած մարդուն են բերել, որ ինչ ուզեն, անեն»,- ասաց ակցիայի մասնակիցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել