Արման Եղոյանը Բաքվից հնչած հայտարարությունը համարում է Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին խոչընդոտելու փորձ |armenpress.am|
16:52 - 25 փետրվարի, 2025

Արման Եղոյանը Բաքվից հնչած հայտարարությունը համարում է Հայաստանի սահմանադրական բարեփոխումներին խոչընդոտելու փորձ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Հայաստանում սահմանադրական բարեփոխումները խոչընդոտելու փորձ է համարում Բաքվից հնչած հայտարարությունը, թե խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։

Եղոյանն այս մասին հայտարարեց Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի հայտարարությունը, թե Բաքուն սպասում է, որ Հայաստանը սահմանադրական փոփոխություններով հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից։

«Այդ հայտարարությունը ես գնահատում եմ որպես խոչընդոտ Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումներին։

Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե Հայաստանում ինչպիսի արձագանք է ունենալու նման հայտարարությունը, ցանկանում են թույլ չտալ, որպեսզի Հայաստանում սահմանադրական բարեփոխումներ իրականացվեն։ Ես այդպես եմ դա գնահատում»,- ընդգծեց Եղոյանը։ 

Նա ընդգծեց, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, իսկ մնացած երկու չհամաձայնեցված կետերից ոչ մեկը չի վերաբերում Հայաստանի Սահմանադրությանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել