Ուկրաինայի Ռադան անհնար է համարում ընտրությունները նախքան խաղաղության հաստատումը
 |civilnet.am|
17:11 - 25 փետրվարի, 2025

Ուկրաինայի Ռադան անհնար է համարում ընտրությունները նախքան խաղաղության հաստատումը |civilnet.am|

civilnet.am: Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն Ռադան, փետրվարի 25-ին որոշում է ընդունել երկրում ընտրություններ անցկացնել միայն «համապարփակ, արդար և կայուն խաղաղություն հաստատվելուց հետո», հաղորդում է Kyiv Independent-ը։

Որոշմանը կողմ է քվեարկել խորհրդարանի 268 անդամ, 12-ը ձեռնպահ է մնացել։ Մեկ օր առաջ խորհրդարանը չուներ բավարար ձայներ՝ որոշումը հաստատելու համար։

«Ռուսական ագրեսիայի պայմաններում Ուկրաինայում ժողովրդավարության աջակցման» որոշումը սահմանում է, որ ընտրություններ չեն կարող անցկացվել ռազմական դրության պայմաններում՝ շեշտելով «այդպիսի հանգամանքներում առաջնորդության շարունակականության անհրաժեշտությունը»։

Որոշումը հետևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որով նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «բռնապետ» էր անվանել Truth Social սոցիալական մեդիայի իր էջում՝ նրան մեղադրելով ընտրություններ անցկացնելուց հրաժարվելու մեջ և հակասական պնդումներ անելով Ուկրաինայի պատերազմի մասին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է միակը, ով պատասխանատու է Ուկրաինայում «ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրություններ» միջազգային դիտորդների մասնակցությամբ անցկացնելու անհնարինության համար, նշված է Ռադայի որոշման մեջ։

«Ուկրաինայում ռազմական դրությունը, որը մտցվել է ի պատասխան Ռուսաստանի լայնածավալ ներխուժման, թույլ չի տալիս անցկացնել ընտրություններ՝ համաձայն Ուկրաինայի Սահմանադրության։ Միևնույն ժամանակ, ուկրաինացի ժողովուրդը միասնական է այն կարծիքի շուրջ, որ նման ընտրություններ պետք է անցկացվեն պատերազմի ավարտից հետո»,- նշված է Գերագույն Ռադայի որոշման մեջ։

Ռուսաստանն իր քարոզչության մեջ Ուկրաինայի կառավարությունը վարկաբեկելու համար լայնորեն օգտագործում է պնդումը, թե Զելենսկին ոչ լեգիտիմ է։ Այդ պնդումը հիմնված է այն կանխադրույթի վրա, որ Զելենսկու առաջին ժամկետն ավարտվում էր 2024-ի մայիսի 20-ին, մինչդեռ նա շարունակում է պաշտոնավարել։

Ռուսաստանի լայնածավալ ներխուժումն ու դրան հաջորդած ռազմական դրության հայտարարումն Ուկրաինայում ընտրությունների անցկացումն անհնարին է դարձրել, և նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է, ինչը, ըստ իրավաբանների, թույլատրելի է Ուկրաինայի օրենքով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել