armenpress.am: ԱՄՆ-ի հետ բնական ռեսուրսների համատեղ մշակման համաձայնագրի ստորագրման դիմաց Ուկրաինան կստանա սպառազինություն և Ռուսաստանի դեմ պայքարը շարունակելու իրավունք։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
«350 միլիարդ դոլար, շատ տեխնիկա, ռազմական տեխնիկա և կռվելը շարունակելու իրավունք», - ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կստանա Կիևը համաձայնագրի դիմաց։
Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ ուկրաինացի զինվորները շատ քաջ են, սակայն առանց ԱՄՆ-ի տրամադրած ֆինանսական օգնության ու ռազմական տեխնիկայի «այս պատերազմը շատ արագ կավարտվեր»։
Թրամփին նաև հարցրել են, թե որքան ժամանակ կարող է շարունակվել Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարումը։
«Գուցե այնքան, մինչև մենք չունենանք Ռուսաստանի հետ համաձայնություն։ Մեզ համաձայնություն է պետք, հակառակ դեպքում ամեն ինչ կշարունակվի», - ասել է ԱՄՆ նախագահը։
Reuters գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել հազվագյուտ հողային մետաղների վերաբերյալ համաձայնագրի նախնական տարբերակի շուրջ։ Ըստ աղբյուրներից մեկի՝ համաձայնագրի նախագծում չեն հստակեցվում ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների տրամադրումը կամ զենքերի շարունակական մատակարարումը, սակայն այնտեղ նշվում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ուկրաինան լինի «ազատ, ինքնիշխան և անվտանգ»։
Փետրվարի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը շահագրգռված է Ուկրաինայից հազվագյուտ հողային մետաղներ ստանալու հարցում։ Փետրվարի 12-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը Կիևում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին էր հանձնել օգտակար հանածոների մասին համաձայնագրի տեքստը։ Զելենսկին, որն ավելի վաղ հայտնել էր գործարք կնքելու իր պատրաստակամության մասին, այն չստորագրեց ո՛չ Բեսենթի հետ կայացած հանդիպման ժամանակ, ո՛չ էլ ավելի ուշ Մյունխենում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ հանդիպման ժամանակ։
Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ ԱՄՆ-ն Ուկրաինայից պահանջում էր 500 միլիարդ դոլարի օգտակար հանածոներ՝ որպես փոխհատուցում ամերիկյան օգնության դիմաց։ Ըստ Kyiv Independent-ի՝ Զելենսկին հրաժարվել է ստորագրել համաձայնագիրը, քանի որ այն չի պարունակել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ, ինչպես նաև նշված գումարը հինգ անգամ գերազանցել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից որպես դրամաշնորհ հատկացված 100 միլիարդ դոլարը։
comment.count (0)