«Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն ԱԺ առաջիկա քառօրյայում չի ընդգրկվի
 |1lurer.am|
15:48 - 03 մարտի, 2025

«Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն ԱԺ առաջիկա քառօրյայում չի ընդգրկվի |1lurer.am|

1lurer.am: «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծն այս քառօրյայում չի ընդգրկվի: Այդ մասին որոշվեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ: 

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նկատեց. «Քանի որ մեր քննարկումը տևեց ավելի երկար, քան օրենքով սահմանված վերջնաժամկետն է այս քառօրյայում նախագիծն ընդգրկելու համար, ես առաջարկում եմ նախագծի քննարկումը քվեարկության փուլում հետաձգել և արդեն քննարկել ևս մեկ անգամ՝ հաջորդ քառօրյային կամ արտահերթ նիստին դիտարկելու համար:

Այս քառօրյային «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքով մենք այլևս տեխնիկապես էլ չենք հասցնի նախագիծն ընդգրկել, քանի որ պիտի դա անեինք մինչև ժամը 12:00-ը: Ես նախատեսում էի, որ 2 ժամը մեզ կհերիքի, բայց չհերիքեց»:

Հիշեցնենք, որ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը, որն Ազգային ժողով է ներկայացվել քաղաքացիական նախաձեռնության ձևաչափով: Նախաձեռնությունը հավաքել էր 50 հազարից ավելի քաղաքացիների ստորագրություն, ապա հաստատվել էր Կառավարության կողմից, և ներկայացվել խորհրդարանի քննարկման: Այն առաջին ընթերցմամբ քննարկվել և ընդունվել է Ազգային ժողովի նախորդ քառօրյայի շրջանակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել