Բաքվում կայացել է հայ գերիների շինծու դատավարության հերթական նիստը |armenpress.am|
19:04 - 06 մարտի, 2025

Բաքվում կայացել է հայ գերիների շինծու դատավարության հերթական նիստը |armenpress.am|

armenpress.am: Բաքվում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և անազատության մեջ պահվող մյուս հայերի դեմ հարուցված շինծու դատական գործընթացը։ Մարտի 6-ին ընթացող հերթական դատական նիստի ընթացքում դատարանում առաջին անգամ ցուցմունք է տվել ԼՂ-ի պաշտպանության բանակի նախկին փոխնախարար, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանը։ 

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանական APA գործակալության տարածած հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Մանուկյանն ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իր մեքենան վնասվել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքից, ինչի հետևանքով էլ իր վարորդը վիրավորվել, բայց ինքը չի տուժել, քանի որ մեքենայից 20 մ հեռավորության վրա է գտնվել։

Մարտի 6-ի նիստում հարցաքննվել է նաև Դավիթ Ալահվերդյանը։ 

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերու առկայությունը: 

Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ 

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։ 

Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան Ադրբեջանում իր դեմ կեղծ դատավարության դեմ բողոքի: Փետրվարի 25-ին կայացած հերթական դատական նիստի ընթացքում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով նիստը հետաձգվել է, այնուհետև շարունակվել։ Վերջին նիստը կայացել է մարտի 4-ին։ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի, վատթարացման, ինչպես նաև նրան խոշտանգման ենթարկելու վերաբերյալ ահազանգում են նրա փաստաբանն ու ընտանիքի անդամները։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել