Սիրիայի քրդերը համաձայնագիր են ստորագրել՝ դառնալով Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի մաս |tert.am|
11:41 - 11 մարտի, 2025

Սիրիայի քրդերը համաձայնագիր են ստորագրել՝ դառնալով Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի մաս |tert.am|

tert.am: Քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»-ը  համաձայնագիր են ստորագրել՝ միանալու Սիրիայի նոր իշխանություններին ենթակա անվտանգության ուժերին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաայի՝ անցումային շրջանի գրասենյակը Telegram-ի իր ալիքում։

Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է ալ Շարաայի և «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»-ի հրամանատար Մազլում Աբդիի հանդիպման ժամանակ։ Ըստ համաձայնագրի, որի տեքստը հրապարակել է Սիրիայի ղեկավարի գրասենյակը, «բոլոր քաղաքացիական և ռազմական օբյեկտները, որոնք տեղակայված են Սիրիայի հյուսիս-արևելքում, ինտեգրվելու են նոր իշխանությունների գլխավորած կառավարման համակարգին»։ Խոսքը, մասնավորապես, քրդական տարածքների բոլոր անցակետերի, ինչպես նաև այնտեղ գտնվող օդանավակայանի, գազի ու նավթի հանքավայրերի մասին է։

Բացի այդ, Դամասկոսի և «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր»-ի միջև համաձայնագիրը նախատեսում է հրադադար ամբողջ Սիրիայում և քուրդ բնակչությանը երաշխավորում է սահմանադրությամբ նախատեսված բոլոր իրավունքները, ներառյալ քաղաքացիության իրավունքը: Քրդերը, իրենց հերթին, խոստանում են աջակցել սիրիական նոր իշխանություններին՝ նախկին նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և Սիրիայի անվտանգությանն ու միասնությանը սպառնացող այլ տարրերի դեմ նրանց պայքարին: 

Համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի մինչև այս տարվա վերջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել