Շվեյցարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ԼՂ-ի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանը
 |civilnet.am|
14:59 - 18 մարտի, 2025

Շվեյցարիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ԼՂ-ի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանը |civilnet.am|

civilnet.am: Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, կողմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորումի ստեղծմանը։

«Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով նախաձեռնությանը 46 անդամներից 29-ը կողմ է քվեարկել։ Նախագիծը Շվեյցարիայի իշխանություններին կոչ է անում հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։

Այս նախաձեռնության նպատակն է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը իրենց պատմական հայրենիք։

Կանտոնների խորհրդի որոշումը հաջորդում է Ազգային խորհրդի՝ խորհրդարանի ստորին պալատի կողմից նույն առաջարկի ընդունմանը։ Երկու պալատների հավանությամբ №24.4259 նախագիծը ստանում է օրենքի ուժ՝ պարտավորեցնելով Դաշնային խորհուրդը սկսել իր իրականացումը։

Սա առաջին դեպքն է, երբ խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են որոշում, որը վերաբերում է հայկական հարցին։ Բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնասյուներից է, որը հաստատված է բազմաթիվ իրավական նախադեպերով և միջազգային հռչակագրերով։

Մասնավորապես՝ Միջազգային արդարադատության դատարանի 2023-ի նոյեմբերի որոշումն ու Եվրոպական խորհրդարանի 2024-ի մարտի և հոկտեմբերի բանաձևերը վերահաստատում են այս սկզբունքը՝ կոչ անելով Ադրբեջանին ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կարողանան ապահով ու արժանապատվորեն վերադառնալ իրենց տները։

Խաղաղության այս ֆորումի նախաձեռնությամբ Շվեյցարիան վերահաստատում է իր հավատարմությունը հումանիտար երկխոսությանը, միջազգային իրավունքին և կառուցողական դիվանագիտությանը՝ ի նպաստ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել