Վարդաշենցիները փողոց էին փակել. պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրը
 |arm.sputniknews.ru|
11:59 - 24 մարտի, 2025

Վարդաշենցիները փողոց էին փակել. պահանջում են լուծել իրենց բնակարանային խնդիրը |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Վարդաշենի հանրակացարանների բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում` հանդիպում պահանջելով քաղաքային իշխանությունների հետ։ 1.5 ժամ սպասելուց հետո նրանք որոշեցին ճանապարհ փակել։

Նշենք, որ Վարդաշեն թաղամասի հանրակացարանային շենքերը 4-րդ կարգի վթարային են, կոյուղու խողովակներն էլ վնասված են, կեղտաջրերը լցվում են շենքի նկուղային հարկը։

«Մենք ուզում ենք, որ մեր խնդիրը լուծեն, խոստացել էին ընտրությունների ժամանակ։ Պարտավոր են լուծում տալ հարցին։ Կգնանք ստեղից կառավարության մոտ, հետո էլ հետ կգանք քաղաքապետարան»,– նշեց բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ ընդգծեց` իրենց ակցիան ՔՊ-ականների «ասեք, կանենք» կարգախոսի պատասխանն է։

Նշենք, որ բնակիչների հետ ճանապարհ էր փակել նաև ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

Երևանի քաղաքապետարանի դիմաց վարդաշենցիներից ավելի մեծ թվով ոստիկաններ են տեղակայվել։

Բողոքի ակցիայի ժամանակ առաջարկ եղավ, որ 3 հոգի բարձրանան ու զրուցեն քաղաքային իշխանությունների հետ։ Որևէ մեկը չհամաձայնեց այդ առաջարկին, քանի որ նման փորձ արդեն ունեցել են. այդ ժամանակ իրենց թույլ չեն տվել հեռախոսները խորհրդակցությունների սենյակ տանել։

Վարդաշենցիները վստահեցրին` պատրաստ են նույնիսկ ամեն օր գալ և ճանապարհ փակել, նույնիսկ մինչև երեկո մնալ ու քաղաքապետարանի մուտքերը փակել, որպեսզի աշխատակիցները չկարողանան դուրս գալ։

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանն իջավ քաղաքացիների մոտ և հայտնեց, որ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հրաժարվել է իջնել բողոքող քաղաքացիների մոտ` պատճառաբանելով, որ աշխատանքային գրաֆիկը շատ ծանրաբեռնված է ու նույնիսկ 5 րոպե ազատ ժամանակ չունի։ Ավագանու ընդդիմադիր անդամը շեշտեց, որ նույնիսկ հրաժարվել են որևէ այլ կոմպետենտ անձի ուղարկել` զրուցելու վարդաշենցիների հետ։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ նույնպես վարդաշենցիները քաղաքապետարանի մոտ էին ու կրկին պահանջում էին հանդիպում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հետ։ Վերջիններն ընտրությունների ժամանակ խոստացել էին լուծել նրանց բնակարանային խնդիրները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել