Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ․ Իրանի փոխարտգործնախարար
 |regionmonitor.com|
16:51 - 14 ապրիլի, 2025

Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ․ Իրանի փոխարտգործնախարար |regionmonitor.com|

regionmonitor.com:  Region Monitor-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչիի հետ: Զրույցում Պարոն Ռավանչին անդրադարձել է Հայաստան-Իրան հարաբերություններին, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և գլոբալ այլ հարցերի։

Հարգելի պարոն Ռավանչի,  ինչպե՞ս կգնահատեք Իրան-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակը։ Ի՞նչ նոր ծրագրեր եք նախատեսում իրականացնել Հայաստանի հետ։ Արդյո՞ք կա հեռանկար համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու և այն փաստաթղթով ամրագրելու հարցում։

– Իրանը և Հայաստանը լավ հարևաններ են: Մենք վայելում ենք երկու երկրների միջև պատմականորեն գոյություն ունեցող լավ հարաբերությունները: Հայ և իրանցի ժողովուրդներն ավանդաբար լավ հարաբերություններ են ունեցել: Մենք կարծում ենք, որ առկա է մեծ ներուժ, որը պետք է օգտագործվի երկկողմ հարաբերությունները բարելավելու համար: Առևտրի ոլորտում շատ բաներ կան, որոնք կարող են շահեկան լինել տնտեսական հարաբերություններն ընդլայնելու տեսանկյունից: Ինչպես նաև մշակույթի ոլորտում կան համագործակցության հեռանկարներ։ Ինչպես օրինակ կարող են լինել, ուսանողների, պրոֆեսորների փոխանակման ծրագրերը ևս:

Բացի այդ, մենք կարծում ենք, որ կան այնպիսի ոլորտներ, որոնք պետք է լրացուցիչ ուսումնասիրել: Օրինակ տրանսպորտային անցումների առումով, որոնք կարող են կապել երկու երկրներին իրենց հարևանների հետ: Իմ կարծիքով կա մեծ ներուժ, որը կարող է օգտագործվել: Ժողովուրդների փոխանակումը՝ տուրիզմը, ևս մեկ ոլորտ է, որը կարող է դիտարկելի լինել երկու կողմերի համար: Այսպիսով, կան բազմաթիվ հարցեր, բազմաթիվ ոլորտներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնեն երկու երկրները, որպեսզի կողմերի միջև առկա լավ հարաբերություններն ավելի զարգանան և ընդլայնվեն:

Տեսնում ենք, որ երկու կողմերի մոտ առկա է հետաքրքրություն և կան շփումներ երկու երկրների պաշտոնյաների՝ արտաքին գործերի նախարարների և նախագահների միջև:  Այսպիսով, ամեն ինչ պատրաստ է երկկողմ հարաբերությունները բարելավելու համար, և ոչ միայն երկկողմ, մենք կարծում ենք, որ միջազգային ասպարեզում ևս կարող ենք ավելի մեծ համագործակցություն ունենալ, օրինակ Միավորված Ազգերի կազմակերպության և այլ միջազգային ֆորումներ շրջանակներում: Մենք հավատում ենք, որ կան շատ հնարավորություններ, որոնք պետք է բացահայտվեն, և ինչպես ասացի, Իրանը և Հայաստանը ցույց են տվել իրենց վճռականությունը տարբեր ոլորտներում իրենց հարաբերությունները զարգացնելու հարցում:

Արդյո՞ք հնարավոր է ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթի ստորագրում, կա՞ այդպիսի հնարավորություն:

– Ըստ իս՝ ինչու ոչ: Մենք կարծում ենք, որ պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք այդ ուղղությամբ, և կարծում եմ, որ այդ միտումը կա, երկու կողմերն էլ ցույց են տվել հետաքրքրություն այդ փաստաթղթի ուղղությամբ շարժվելու համար: Ես կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք լավ փաստաթղթի վրա, որը կարող է լինել ավելի լավ հենակետ՝ ռազմավարական հարաբերություններ ունենալու համար: Գուցե և ժամանակ պահանջվի լավ փաստաթուղթ պատրաստելու համար, սակայն ես հավատում եմ, որ քանի դեռ երկու կողմերն էլ ցույց են տալիս իրենց հետաքրքրվածությունը, մենք պետք է աշխատենք ավելի քրտնաջան՝ այդ նպատակին հասնելու համար:

– Հարգելի պարոն Ռավանչի, ինչպես գիտեք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն ամբողջովին փոխհամաձայնեցված է, սակայն Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել այդ փաստաթուղթը։ Կան փորձագիտական տեսակետներ, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան համագործակցությամբ ռազմական գործողություններ կարող են սկսվել։ Եվ կարծիք կա, որ Ադրբեջանը այդ ամենով պայմանավորված է խուսափում ստորագրել համաձայնագիրը, քանի որ Իրանի դեմ հնարավոր պատերազմի ընթացքում ՀՀ-ից տարածքներ կարող է օկուպացնել և, որպես օրինակ, դա կարող է լինել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի բացումը»: Ինչպե՞ս եք գնահատում դրա հավանականությունը։


 Երբ մենք լսեցինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը վերջնականացվել է, մենք շատ ուրախացանք, որովհետև երկար տարիներ արյան և թշնամանքից հետո այժմ ժամանակն է, որ երկու երկրները կենտրոնացնեն իրենց ուշադրությունը երկու ազգերի ապագան կառուցելու վրա: Եվ մենք կարծում ենք, որ որքան շուտ նրանք կարողանան ստորագրել այս համաձայնագիրը, այնքան ավելի լավ կլինի թե երկու երկրների, թե տարածաշրջանի համար: Մենք չենք ցանկանում միջամտել նրանց գործերին: Նրանք իրենք պետք է որոշեն, թե ինչ անել, բայց մեր գնահատմամբ, որքան շուտ այս փաստաթուղթը հնարավոր լինի ստորագրել, այնքան ավելի լավ, որովհետև անցյալն անցյալ է: Մենք պետք է կենտրոնանանք ապագայի վրա: Կան շատ հնարավորություններ, որոնք երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի համար կարող են օգտագործվել: Մենք որպես հարևան երկրներ պատրաստ ենք խթանել երկու ազգերին: Իրանը որպես երկիր, որը բարիդրացիական հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի հետ, պատրաստ ենք անել ամեն բան, որ կարող ենք՝ հեշտացնելու այն աշխատանքը, որը պետք է իրականացվի համաձայնագիր ստորագրելու համար: Կարծում ենք, որ երկու ազգերը պետք է օգտագործեն այս հնարավորությունը: Այս պահին, երբ փաստաթուղթը պատրաստ է, ավելի լավ է ստորագրել այն և շարժվել դեպի ապագա:

Մենք հույս ունենք, որ այս դրվագը մնացել է անցյալում: Պետք է թույլ չտալ, որ պատերազմի և հակամարտության դրվագը վերադառնա այս տարածաշրջան: Հույս ունենք, որ դա այդպես կլինի:

Շարունակելով խոսել վերոնշյալ փորձագիտական գնահատականների և կանխատեսումների մասին՝ Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի հետ կապված։ Կա՞ արդյոք նման հնարավորություն:

– Մենք դեմ ենք ցանկացած սահմանային փոփոխության։ Մենք դեմ ենք յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ անհարգանքի։ Մենք դեմ ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ Ոչ մի նման սցենարի կարիք չկա։ Հարևան երկրները պետք է հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը, պետք է հարգեն միմյանց ինքնիշխանությունը, և երբ այս սկզբունքը հարգված է, միակ բանը, ինչի վրա իրենք պետք է ուշադրություն դարձնեն, դա դիտարկելն է, թե ինչպես կարող են աշխատել միմյանց հետ։ Հետևաբար Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ ապագայում պետք է բացվի ավելի մեծ համագործակցության պատուհան, որովհետև ի վերջո ռազմական լուծումը իրական լուծում չէ, և այդ իսկ պատճառով մենք խրախուսել ենք երկու կողմերին ստորագրել համաձայնագիրը։ Ինչպես ասացի, մենք հույս ունենք, որ նրանք կօգտագործեն այս հնարավորությունը, որովհետև ռազմական հարցերը ժամանակավոր են, այս դարում որևիցեք մեկը չի կարող ապավինել ռազմական ուժին՝ մեկ այլ երկրի տարածքները գրավելու համար։ Հետևաբար, մենք հույս ունենք, որ երկու կողմերը կօգտագործեն այս հնարավորությունը և կաշխատեն ավելի լավ հարաբերություններ հաստատելու համար՝ նվիրված հաջորդ սերունդներին։

Ինչպե՞ս է Իրանը վերաբերվում Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, և որոնք են նրա հիմնական մտահոգություններն ու ակնկալիքները տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում։

– Մենք կողմ ենք տարբեր երկրների միջև կապերի հաստատմանն այս տարածաշրջանում։ Իրանի երկաթուղային համակարգը, Իրանի ճանապարհները հասանելի են Հայաստանին ինչպես հարևան երկրներ, այնպես էլ Պարսից ծոց և Օմանի ծով հասնելու համար։ Նույնը գործում է նաև հակառակ ուղղությամբ։ Հայ պաշտոնյաների հետ մեր շփումների ընթացքում տեսել ենք հետաքրքրություն, որ Հայաստանը նույնպես պատրաստ է համագործակցել Իրանի հետ՝ թույլ տալով իր տարածքն օգտագործել Իրանի և Հայաստանի հարևան երկրների միջև առևտրի համար։ Այսպիսով, կապուղիների հարցը կարևոր հարց է այս օրերին, և Իրանն ու Հայաստանը, կողմ են իրենց հարաբերությունների ընդլայնմանն այս ոլորտում ևս։ Այսպիսով, Իրանի և Հայաստանի հարևանների միջև անհրաժեշտ կապուղիների ստեղծումը նպատակահարմար է, և Իրանի համագործակցությունը Հայաստանի հետ՝ թույլ տալով Հայաստանին հասնել Պարսից ծոց, Օմանի ծով և Իրանի մյուս հարևան երկրներ՝ առևտրի տեսանկյունից, մի բան է, որը կարծում ենք պետք է արվի, և մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ այս ոլորտում նույնպես։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել