factor.am: Ադրբեջանցի հանրահայտ հետազոտող և խաղաղության ակտիվիստ Բահրուզ Սամադովը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակին կից Շառլ Բոդլերի բանաստեղծությունից հատված է։
Նշենք, որ Բահրուզ Սամադովը 2024 թվականի օգոստոսից կալանավորված է պետական դավաճանության մեղադրանքով։ Նա հայտնի է իր խաղաղասիրական կոչերով և արևմտյան տարբեր հարթակներում Ադրբեջանի ռազմական մեքենայի քննադատությամբ, կալանավորվել է հայերի օգտին լրտեսության մեղադրանքով։ Մեղքը հաստատվելու դեպքում 29-ամյա ակտիվիստին ցմահ ազատազրկում է սպառնում:
Նա դիմել է Հայաստանի վարչապետին՝ խնդրելով հերքել, որ ինքը համագործակցել է Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունների հետ։
«Պարո՛ն վարչապետ,
Խնդրում եմ անկեղծորեն շարունակել խաղաղության օրակարգին հավատարիմ մնալու ուղին, անել հնարավորը՝ սահմանին հրադադարի խախտումները կանխելու համար և գործնական քայլեր ձեռնարկել ապագա համակեցության հնարավորությունն իրականություն դարձնելու ուղղությամբ։
Տևական խաղաղության համար երկու կողմերն էլ պետք է ձևավորեն արժեքներ՝ հիմնված ընդհանուր աշխարհագրության և համատեղ ապագայի գաղափարի վրա։ Այդ արժեքների հիմքում պետք է լինի բռնության միանշանակ մերժումը։
Բացի այդ, հարգանքով խնդրում եմ հրապարակել պաշտոնական և հիմնավորված հայտարարություն, որ ես երբևէ որևէ համագործակցություն չեմ ունեցել Հայաստանի արտաքին հետախուզական ծառայությունների հետ։ Հուսով եմ, որ կողմերի միջև նոր շփումները մոտ ապագայում կհանգեցնեն իմ ազատմանը և կդադարեցնեն իմ՝ «խաղաղության բանտարկյալի» կարգավիճակը։
Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ հրաժարվեն տարածքային հավակնություններից և կենտրոնանան համակեցության և բարիդրացիության մոդելների վրա՝ հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում։
Իմ նամակը ցանկանում եմ եզրափակել Շառլ Բոդլերի մի բանաստեղծությամբ․
Ջրերի ալիքներում սրբիր քո մահաբեր երանգները։
Եղեգը շատ է, ժայռը՝ ընդարձակ․
Թող յուրաքանչյուրը փորագրի իր սրինգը՝ առանց բռնության,
Առանց արյան, պատերազմի, մահաբեր խաբեության։
Եղեք եղբայրներ, կողք կողքի ապրեք,
Եվ բոլորդ՝ միաբան, ծխեք Խաղաղության սրբազան սրինգը։
Հարգանքով՝ Բահրուզ Սամադով»։
comment.count (0)