civilnet.am: Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։
«Առաջիկա ամիսներին Գործակալությունը կարող է կարևոր դեր խաղալ իրանական միջուկային հարցի խաղաղ կարգավորման գործում»,- հանդիպումից հետո X-ում գրել է Իրանի արտգործնախարարը։
Գրոսին՝ կարևորելով Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը, X-ում գրել է, որ միջուկային ծրագրի շուրջ համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ անփոխարինելի է։
«ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունն անփոխարինելի է՝ վստահելի երաշխիքներ տրամադրելու Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ այն ժամանակ, երբ դիվանագիտության հրատապ կարիք կա»,- գրել է Գրոսին։
ԱՄՆ-ն և Իրանը՝ 10 տարվա դադարից հետո, միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ են վարել նախորդ շաբաթ՝ ապրիլի 12-ին, Օմանում։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։
2015-ին Իրանն ու միջազգային վեցնյակը (5+1)՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան համաձայնության էին եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ՝ կնքելով միջուկային համաձայնագիրը:
ԱՄՆ-ն իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս է եկել 2018-ին:
comment.count (0)