Ֆիզիկական անձանց կողմից հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ սահմանվեց նոյեմբերի 1-ը՝ 2025 և 2026 թվականների համար, և հուլիսի 1-ը՝ հետագա տարիների համար:
«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ 60 կողմ, 1 դեմ, 29 ձեռնպահ ձայներով:
Բացի վերջնաժամկետից՝ սահմանվել է նաև, որ հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը քվեարկությունից առաջ վարման կարգով հայտնեց, որ իրենք ձեռպահ են քվեարկելու նախագծին. «Չենք կարող կողմ լինել, որովհետև սա կիսատ-պռատ լուծում է, համակարգը պատրաստ չէ, նոյեմբերին ունենալու ենք պրոբլեմներ: Դեմ էլ չենք կարող քվեարկել, քանի որ մայիսի 1-ը այն վերջնաժամկետն է սահմանված, որից հետո սկսվելու է իրավական շղարշով հետապնդումների շարք»:
Նախագծի հեղինակը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն է:
Նա երեկ մանրամասնել էր նախագիծը. «Այն մարդիկ, որոնք հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, իրենց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը, և ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես վերջնաժամկետը դառնում է նոյեմբերի 1-ը:
Նրա խոսքով նաև մարտի 2-ից շուտ հայտարարագիր պետությունը չի ընդունելու, որպեսզի պետական համակարգը հնարավորություն ունենա նաև գործատուներից ու հարկային գործակալներից որոշակի ինֆորմացիա ստանալ և ավելի ամբողջական, ինքնաշխատ տարբերակով լրացնել այդ հայտարարագրերը:
comment.count (0)