ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը. ինչ է այն նախատեսում |factor.am|
11:37 - 01 մայիսի, 2025

ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը. ինչ է այն նախատեսում |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել օգտակար հանածոների համատեղ արդյունահանման և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։

«Ապրիլի 30-ին Միացյալ Նահանգները և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր՝ Միացյալ Նահանգներ-Ուկրաինա վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին։ Այս տնտեսական գործընկերությունը հնարավորություն է տալիս երկու երկրներին համագործակցել և միասին ներդրումներ կատարել՝ ապահովելու, որ մեր փոխադարձ ակտիվները, տաղանդներն ու կարողությունները կարողանան արագացնել Ուկրաինայի տնտեսական վերականգնումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, Ֆինանսների նախարարությունը և Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC) կաշխատեն Ուկրաինայի կառավարության հետ՝ ծրագրի կառավարումն ավարտին հասցնելու և այս կարևոր գործընկերությունն առաջ մղելու համար։

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել է, որ այս համաձայնագիրը հստակ ազդանշան է տալիս Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հանձնառու է խաղաղության գործընթացին, որը երկարաժամկետ հեռանկարում կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինայի վրա։

«Նախագահ Թրամփը պատկերացնում էր, որ ամերիկացի և ուկրաինացի ժողովուրդների միջև այս գործընկերությունը ցույց կտա երկու կողմերի հանձնառությունը Ուկրաինայում երկարատև խաղաղությանն ու բարգավաճմանը։ Ոչ մի պետության կամ անհատի, որը ֆինանսավորել է ռուսական ռազմական մեքենան, թույլ չի տրվի օգտվել Ուկրաինայի վերակառուցումից»,- հավելել է Բեսենթը։

Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն նույնպես մեկնաբանել է համաձայնագրի կնքումը ու ներկայացրել, թե այն ինչ է ենթադրում։

«Միացյալ Նահանգների հետ միասին մենք կստեղծենք Ուկրաինայի վերականգնման ներդրումային հիմնադրամ, որը մեր երկիր կներգրավի համաշխարհային ներդրումներ»,- նշել է պաշտոնյան ֆեյսբուքյան հրապարակման մեջ։

Նա նաև ներկայացրել է համաձայնագրի հիմնական դրույթները.

Լիարժեք սեփականության և վերահսկողության իրավունքը մնում է Ուկրաինային - Ուկրանաիան տարածքում և տարածքային ջրերում գտնվող բոլոր ռեսուրսները պատկանում են Ուկրաինային։ Ուկրաինական պետությունն է որոշում, թե որտեղ և ինչ արդյունահանել։ Ընդերքը մնում է Ուկրաինայի սեփականության ներքո․ սա նախատեսված է համաձայնագրով։

Հավասար գործընկերություն - Հիմնադրամը ստեղծվում է 50/50 հարաբերակցությամբ։ Կիևն այս Հիմնադրամը կառավարելու է Միացյալ Նահանգների հետ համատեղ։ Կողմերից ոչ մեկը չի հաղթի, և սա կարտացոլի Ուկրաինայի ու Միացյալ Նահանգների միջև հավասար գործընկերությունը։

Ազգային ունեցվածքը պաշտպանված է - Համաձայնագիրը չի նախատեսում փոփոխություններ մասնավորեցման գործընթացներում կամ պետական ​​ընկերությունների կառավարման մեջ, դրանք կշարունակեն պատկանել Ուկրաինային։ «Ուկրնաֆթ»-ի և «Էներգոատոմ»-ի նման ընկերությունները մնում են պետական ​​սեփականության ներքո։

Ոչ մի պարտք - Համաձայնագրում որևէ հիշատակում չկա Ուկրաինայի՝ Միացյալ Նահանգների նկատմամբ ունեցած որևէ պարտքային պարտավորությունների մասին։

Համաձայնագրի իրականացումը թույլ կտա երկու երկրներին հավասար համագործակցության և ներդրումների միջոցով մեծացնել իրենց տնտեսական ներուժը։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել