Վրացական կողմը խոստացել է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ. ալկոհոլային խմիչք արտադրողների ակցիան ավարտվեց |armenpress.am|
16:04 - 13 մայիսի, 2025

Վրացական կողմը խոստացել է հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ. ալկոհոլային խմիչք արտադրողների ակցիան ավարտվեց |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Վրաստանի դեսպանությունը խոստացել է, որ հայ-վրացական սահմանին հայկական բեռնատարների համար ստեղծված խոչընդոտների և խնդիրների վերաբերյալ Թբիլիսին առաջիկայում հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ՝ փորձելով խնդիրներին լուծումներ տալ։ 

Այս մասին Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումից հետո հայտնեց Պռոշյանի կոնյակի գործարանի արտահանման մասնագետ Գայանե Պողոսյանը։ 

Վերջինս նշեց, որ վրացական կողմը խոստացել է մոտ ժամանակներս պաշտոնական հայտարարություն տարածել ստեղծված իրավիճակի շուրջ։ 

«Խոստացել են, որ մոտ ժամանակներս Թբիլիսին ստեղծված իրավիճակի շուրջ հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ՝ փորձելով հարցին լուծում տալ»,-հայտնեց Պողոսյանը։ 

Գայանե Պողոսյանի բնորոշմամբ՝ ալկոհոլ արտադրող և արտահանող ընկերությունների ներկայացուցիչները փորձել են մանրամասն ներկայացնել հայ-վրացական սահմանին ստեղծված իրադրությունը։

«Դեսպանությունը վերցրեց մեր տվյալները, որպեսզի տեղեկատվություն ստանալուց հետո մեզ հետ կապ հաստատի»,-ասաց Պողոսյանը՝ շեշտելով, որ հակառակ պարագայում այս ակցիան շարունակական բնույթ կունենա։  

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ալկոհոլային խմիչքներ արտադրող և արտահանող մի քանի ընկերությունների ներկայացուցիչներ Երևանում Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա են իրականացնում՝ դժգոհելով, որ վրացական կողմն իր տարածքում խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար, ինչի հետևանքով հայկական բեռնատարները օրեր շարունակ կանգնած են մնում հայ-վրացական սահմանի անցակետում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել