Հայաստանի և Նիդերլանդների վարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները
19:20 - 16 մայիսի, 2025

Հայաստանի և Նիդերլանդների վարչապետները քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները

Տիրանայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի ու Նիդերլանդների միջև բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցեր՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը և ժողովրդավարության ոլորտում համագործակցության խորացմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության զարգացումների, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ընդգծելով դրա հնարավոր դրական ազդեցությունը տարածաշրջանային կայունության ու համագործակցության վրա։

Հայաստանի և Նիդերլանդների վարչապետները վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու երկխոսությունը և քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործընկերության խորացման ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել