Ամուլսարի շուրջ կառավարության գործողությունների անտրամաբանականությունը և անհեթեթությունը ցույց տվեցին, որ հին համակարգը նույն գործելաոճով շարունակում է աշխատել․ Արթուր Գրիգորյան
13:10 - 09 սեպտեմբերի, 2019

Ամուլսարի շուրջ կառավարության գործողությունների անտրամաբանականությունը և անհեթեթությունը ցույց տվեցին, որ հին համակարգը նույն գործելաոճով շարունակում է աշխատել․ Արթուր Գրիգորյան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար․

«Սցենարային որոշ զեղումներից հետո Ամուլսարի վերաբերյալ ամիսներ առաջ ընդունված քաղաքական որոշումն այսօր վարչապետի կողմից պաշտոնապես հրապարակայնացվեց: Էլարդների, քննչական կոմիտեների ու սցենարի մաս կազմող այլ սուբյեկտների մասնակցությամբ գործընթացներից հետո կարծում եմ բոլորին պարզ է, որ այլևս բացարձակ իմաստ չկա խոսել մասնագիտական կամ իրավական հիմնավորումների մասին, խնդիրն այլևս գտնվում է իր իրական՝ բացառապես քաղաքական հարթության վրա:

Կարծում եմ, խորքային քաղաքական խնդիրը հիմա այլևս Ամուլսարը չէ. այն ինդիկատոր էր գնահատելու համար գործող իշխանության էությունը և նախորդի հետ ինստիտուցիոնալ կապի շարունակականությունը:

Ամուլսարի շուրջ կառավարության գործողությունների անտրամաբանականությունը և անհեթեթությունը ցույց տվեցին, որ հին համակարգը նույն գործելաոճով շարունակում է աշխատել, և այն, որ տնտեսական ու ուժային բլոկերն ամբողջությամբ շարունակում են կառավարվել նախկին համակարգի ներկայացուցիչների կողմից, ունի շատ կոնկրետ նպատակներ՝ պահպանել ձևավորված կոռումպացված համակարգի հարատևությունը, նոր իշխանությունների լեգիտիմության ուժով "օրինականացնել" նախորդների գործողությունները՝ առանց դրանց քաղաքական ու իրվական գնահատական տալու:

Ամուլսարը ցույց տվեց, որ ի հեճուկս վարչապետ Փաշինյանի հռչակած՝ "ժողովրդի իշխանության ուժի", գործ ունենք "խորքային պետություն" (deep state) երևույթի պրակտիկ դրսևորման հետ, որը գործում է իրական իշխանության կրող՝ տնտեսական և ուժային բլոկի միջոցով: Այդ համակարգը իր էությամբ հակաժողովրդավարական է, գործում է ընդդեմ ժողովրդի ու այս պահի դրությամբ հաղթում է, ինչը ժողովրդի ինքնիշխանության լուրջ սպառնալիք է:

Հիմա՝ պրակտիկ գործողությունների մասին: Վստահ եմ, որ Ամուլսարի վերաբերյալ այսօրվա հայտարարությունից հետո գործող կառավարությունը շատ լավ հաշվարկել է հնարավոր քաղաքացիական անհնազանդության դրսևորումները և ուժային գործիքներ մշակել դրանց դեմ, դրա համար երեք անգամ շեշտեց, որ "խնդրում" է Ամուլսար տանող ճանապարհները բացել:

Սա շատ պարզունակ ու կարդացվող հնարք էր: Այսպիսով, կա ակնհայտ ռիսկ, որ այս "խնդրանքին" չհետևելը լինելու է ուժային գործողություն կատարելու "բարոյական" հիմնավորումը: Ափսոսում եմ, բայց կարծես հին համակարգի դեմ տարիներ շարունակ կռված մարդիկ՝ իրավապաշտպաններ, քաղաքականապես ակտիվ մարդիկ, "Քաղաքացու որոշում" և այլ կուսակցությունների ներկայացուցիչներ նորից ստիպված են լինելու հավաքվել ու շարունակել պայքարը, դա անխուսափելի է:

Այս իրավիճակում, կարծում եմ, պետք է շատ հանգիստ, առանց էմոցիաների ու հայհոյանքի ձևակերպում տալ առկա քաղաքական իրողությանը ու սկսել քաղաքական գործընթաց, որը կլինի ոչ թե Ամուլսարը շահագործել-չշահագործելու, այլ հին ու նոր անձերից ձևավորված կոռումպացված համակարգը քանդելու օրակարգով: Իմ գնահատմամբ, ներկայիս քաղաքական իրաղությունը կարելի է գնահատել որպես պետության ինքնիշխանության ճգնաժամ, որն առաջացել է կոռումպացված կառավարող համակարգի շարունակական գոյության հետևանքով:

Գուցե լինեն նաև այլ ձևակերպումներ: Այս ակտիվացումը շատ կարևոր է: Ակնհայտ է, որ եթե դա չարվի իրական գաղափարակիրների կողմից ու Հայաստանի շահերից բխող կառուցողական նպատակներով, Քոչարյան-Սարգսյան խմբակների լկտիությունը բավականացնելու է անգամ իրենց իսկ ստեղծած այս խնդիրն օգտագործել իրենց անձնական-քաղաքական շահերի համար:

Հ.Գ. ԱԱԾ-ին խնդրում եմ գրառման հետքերով հետևիցս չգալ՝ քեշ փող ստանալուց ոչ մեկին չեմ տեսել, գրպանումս ձայնագրություններ ու այլ ուղղակի ապացույցներ չկան»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել