tert.am: Իսրայելի զինվորականները վերահսկողություն են հաստատել «Մադլին» նավի նկատմամբ, որն ուղևորվում էր դեպի Գազայի հատված, և որի վրա գտնվում էր բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգը, հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի արտաքին գործերի նախարարությանը։
Նավի տախտակամած են բարձրացել զինվորականները։ Գերատեսչությունը նշել է, որ նավը «անվտանգ ուղևորվում է» դեպի Իսրայել։ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հավելել է, որ «Մադլին»-ի ուղևորները կվերադառնան իրենց հայրենի երկրներ։
Դիվանագետները շեշտել են, որ Թունբերգը և նրա գործընկերները փորձում էին «սադրանք ստեղծել», և թիմի նպատակն էր «ուշադրություն գրավել»։
Նախարարությունը հայտարարել է, որ կան անկլավ մարդասիրական օգնություն հասցնելու եղանակներ, որոնք «կապված չեն Instagram-ի սելֆիների հետ»: Գերատեսչության տվյալներով՝ նավի վրա կա մարդասիրական օգնության փոքր քանակություն։
«Մադլին»-ը 2010 թվականին հիմնադրված «Ազատության նավատորմի» կոալիցիայի մաս է կազմում, որը միավորում է այն կազմակերպությունները, որոնք քննադատում են Գազայի հատվածում տասնամյակներ շարունակվող անօրինական շրջափակումը և շարունակական ցեղասպանությունը։
Հունիսի սկզբին նավը Սիցիլիայից ուղևորվել է Գազա՝ մարդասիրական օգնություն հասցնելու պաղեստինցիներին: Նավի վրա եղել է 12 ակտիվիստ, այդ թվում՝ Թունբերգը։ Անձնակազմը մտադիր էր մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված՝ մանկական սնունդ, ալյուր, բրինձ, տակդիրներ, կանացի հիգիենայի պարագաներ և ջրի աղազրկման հավաքածուներ։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերին հրահանգ է տրվել կանխել «Գրետա Թունբերգի նավի» ժամանումը Գազայի հատվածի ափերին: Հունիսի 9-ի գիշերը կոալիցիան հայտնել է, որ իսրայելական ուժերը բարձրացել են նավի վրա:
comment.count (0)