Գազայի հատվածում կրկին թիրախավորվել են օգնության բաշխման կենտրոնները, կան զոհեր |armenpress.am|
13:52 - 09 հունիսի, 2025

Գազայի հատվածում կրկին թիրախավորվել են օգնության բաշխման կենտրոնները, կան զոհեր |armenpress.am|

armenpress.am: Գազայի տարբեր շրջաններում հունիսի 9-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից շարունակվող հրետակոծության հետևանքով զոհվել է 23 պաղեստինցի: Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։

Զոհերից 8-ը գրանցվել է իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի օգնության բաշխման կենտրոնների մոտ հավաքված բազմության թիրախավորման հետևանքով։ Բացի այդ, 28 մարդ վիրավորվել է, երբ իսրայելական ռազմական օդանավերը թիրախավորել են պաղեստինցիներին Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Նեթսարիմ անցակետի մոտ գտնվող օգնության բաշխման կետի մոտ։

Միևնույն ժամանակ, պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ Իսրայելն ազատ է արձակել 12 բանտարկյալի։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր հերթին հայտարարության մեջ նշել է, որ նպաստել է 12 բանտարկյալների ազատ արձակմանը և նրանց տեղափոխմանը Քիսուֆիմի անցակետից դեպի ալ-Ակսայի նահատակների հիվանդանոց։

ՀԱՄԱՍ շարժումը հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ՝ դատապարտելով իսրայելական ուժերի կողմից «Մադլին» նավի կալանումը, որը նախատեսում էր խորհրդանշական օգնություն հասցնել պաղեստինյան անկլավ։ Նավում գտնվող 12 հոգու շարքում են էկոակտիվիստ Գրետա Թունբերգը և ֆրանսիացի օրենսդիր Ռիմա Հասանը։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 54 880-ի, իսկ վիրավորներինը՝ 126 227 -ի։

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել