Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են գերիների երկրորդ խոշոր փոխանակումը. BBC |1lurer.am|
18:55 - 09 հունիսի, 2025

Ռուսաստանը և Ուկրաինան սկսել են գերիների երկրորդ խոշոր փոխանակումը. BBC |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահը հաստատել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների երկրորդ խոշոր փոխանակման մեկնարկը։ Նրա խոսքով՝ փոխանակումը տեղի կունենա մի քանի փուլով և կշարունակվի առաջիկա օրերին՝ գրում է BBC-ն։

«Այժմ վերադարձվածների թվում կան վիրավորներ և ծանր վիրավորներ, ինչպես նաև մինչև 25 տարեկան անձինք: Գործընթացը բավականին բարդ է, կան շատ զգայուն մանրամասներ, բանակցությունները շարունակվում են փաստացի ամեն օր։ Մենք անում ենք առավելագույնը բոլորին վերադարձնելու համար»,- ասել է Վլադիմիր Զելենսկին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հայտնել է, որ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Ռուսաստան է վերադարձվել 25 տարեկանից ցածր ռուս զինծառայողների առաջին խումբը: Փոխարենը, նույնքան թվով ուկրաինական զինված ուժերի ռազմագերի է փոխանցվել։ Ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում։

Կողմերը չեն նշել փոխանակվածների թիվն առաջին օրվա ընթացքում:

Ռազմագերիների խոշոր փոխանակման վերաբերյալ համաձայնություն ձեռք է բերվել հունիսի 2-ին՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում, և դարձել է հանդիպման հիմնական արդյունքը։

Պատվիրակությունները համաձայնել են փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին, ինչպես նաև 25 տարեկանից ցածր գերիներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել