Գարեգին Երկրորդին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ծափերով ու «վեհափառ» վանկարկելով
 |arm.sputniknews.ru|
09:36 - 11 հունիսի, 2025

Գարեգին Երկրորդին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ծափերով ու «վեհափառ» վանկարկելով |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ծափերով ու «վեհափառ» վանկարկելով։

Եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին հարյուրավոր մարդիկ հավաքվել են օդանավակայանում` իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն հայոց կաթողիկոսին, որը վերադարձավ Արաբական Միացյալ Էմիրություններից։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հայ առաքելական եկեղեցին ինչ գործողություններ կձեռնարկի ի պատասխան իշխանությունների ծավալած արշավի։

«Եթե մենք ինչ-որ գործողություններ ձեռնարկենք, անպայման կտեղեկացնենք ձեզ այդ մասին»,– պատասխանեց Ամենայն հայոց կաթողիկոսը։

Ինչ վերաբերում է ավելի վաղ եկեղեցու հասցեին հնչած հայտարարություններին, կաթողիկոսը հայտարարեց, որ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությամբ ամեն ինչ ասված է։

Գարեգին Երկրորդը տերունական աղոթք հնչեցրեց հենց օդանավակայանի ելքի մոտ և շնորհակալություն հայտնեց հավաքվածներին։

«Վերջին օրերին վարչապետի կողմից հնչեցված արտահայտությունները համընդհանուր վրդովմունք են առաջ բերել մեր ժողովրդի զավակների մոտ։ Հավատում ենք, որ Աստծո ողորմությամբ և օգնությամբ, ձեզ հետ միասին խոհեմորեն, առանց ավելորդ հուզականության, ընդվզումների, պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը։ Հավատում ենք, որ միասնական ջանքերով, մեր կարողությունների մեկտեղումով պիտի կարողանանք հաղթահարել մեր կյանքի բոլոր դժվարությունները, կերտել մեր և մեր զավակների վաղվա պայծառ օրը»,– ասաց կաթողիկոսը։

Օդանավակայանից դուրս գալու ճանապարհին նա օրհնեց հավատացյալներին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է ֆեյսբուքյան գրառումներով թիրախավորում է Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, մասնավորապես՝ անդրադառնալով կուսակրոնության ուխտին։ Վերջին մի քանի օրերի գրառումները վերաբերում են Ամենայան Հայոց Կաթողիկոսին և նրա զավակն ունենալուն՝ պնդելով, որ կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից։ Մայիսի 10-ին էլ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց ստեղծել Համակարգող խումբ՝ Վեհարանն ազատելու և կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար։ 

Գերագույն հոգևոր խորհուրդը այս ընթացքում վարչապետի հայտարարություններին անդրադարձել է մեկ անգամ՝ կոչ ուղղելով իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի անօրինական և անհեռատես քաղաքականությունը․ «Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։ Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյան/Հետք


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել