Իսրայելը գիշերը հարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքների, այդ թվում՝ Թեհրանին՝ թիրախավորելով միջուկային օբյեկտներ։ Զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին, այլ ռազմական գործիչներ, ինչպես նաև գիտնականներ։
Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իսրայելը Իրանին հարվածելով իր համար «դառը և ցավոտ» ճակատագիր է կնքել, որը հաստատ կտեսնի։
Իսրայելից հայտարարել են, որ թիրախավորել են Իրանի բալիստիկ հրթիռների գործարանները և ռազմական հրամանատարներին։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ պայթյուններ են հնչել նաեւ Նաթանզում գտնվող ուրանի հարստացման գլխավոր գործարանում։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իսրայելը «միակողմանի գործողություն» է ձեռնարկել, որին ԱՄՆ-ն չի մասնակցել։
«Մենք չենք մասնակցել այդ հարվածներին, մեր գլխավոր գերակայությունը տարածաշրջանում ամերիկյան ուժերի պաշտպանությունն է», ասել է պետքարտուղարը։
Նրա խոսքով՝ Իսրայելը Վաշինգտոնին հայտնել է, որ այդ գործողությունները «ինքնապաշտպանության անհրաժեշտ միջոցներ էին»։
Հիշեցնենք, որ երկու օր անց նախատեսված է ԱՄՆ-Իրան բանակցությունների վեցերորդ փուլը։
Լուսանկարները՝ իրանական Tasnim-ի
comment.count (0)