Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները կավելացվեն մոտ 7 մլն դրամով |armenpress.am|
10:26 - 10 սեպտեմբերի, 2019

Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները կավելացվեն մոտ 7 մլն դրամով |armenpress.am|

armenpress.am։ Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստի ժամանակ ընդունվեց Երևան քաղաքի բյուջեի նպատակային ծախսերում փոփոխություն կատարելու հարցը:

Զեկուցող փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը ներկայացրեց Երևան քաղաքի 2019 թ. բյուջեում և Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումներում նախատեսվող փոփոխությունները:

«Նախատեսվում է փոփոխություններ կատարել Երևան քաղաքի 2019 թ. բյուջեում և Երևան քաղաքի բյուջեի նպատակային հատկացումները ավելացնել ընդհանուր 6.911.000 դրամով: Դրանից 3.630.000 դրամն ուղղվելու է ձմեռային զորակոչի շրջանում Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում այլընտրանքային ծառայության անցած թվով 11 այլընտրանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելուն:

Մնացած 3.281.000 դրամը նախատեսվում է հատկացնել «Պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում» ծրագրի շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների համար»,- ասաց Սարգսյանը:

Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ իրենք տվյալ հարցին տվել են դրական եզրակացություն:
Որոշումն ընդունվեց 53 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել