ՌԴ ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների դեմ իրականացված հարվածները։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտգործնախարությունը։
«Անկախ որևէ հիմնավորումից՝ սուվերեն պետության տարածքի վրա հրթիռային և ռմբակոծիչ հարվածների իրականացումը հանդիսանում է միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ նման գործողությունները անթույլատրելի ճանաչած բանաձևերի կոպիտ խախտում։ Հատկապես մտահոգիչ է, որ այդ հարվածները իրականացրել է մի երկիր, որն ունի ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամի կարգավիճակ», - նշված է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ը ընդգծել է, որ հարձակման հետևանքները, այդ թվում՝ ռադիոլոգիական ռիսկերն ու աղտոտման վտանգը, դեռևս պետք է գնահատվեն, սակայն արդեն այժմ ակնհայտ է՝ մեկնարկել է սրացման նոր վտանգավոր փուլ, որն սպառնում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ անվտանգությանն ու կայունությանը։
«Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնման ռիսկը՝ տարածաշրջանում առկա բազմաթիվ ճգնաժամերի ֆոնին, զգալիորեն մեծացել է։ Մենք հատկապես մտահոգված ենք այն վնասով, որ հասցվել է միջուկային զենքի չտարածման գլոբալ ռեժիմին, որը հիմնված է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր (NPT) վրա», - նշել է ՌԴ ԱԳՆ-ը։
Ռուսական կողմը նաև արձանագրել է, որ Իրանի միջուկային օբյեկտների թիրախավորումը լուրջ հարված է ՄԱԳԱՏԷ-ի՝ միջազգային ստուգման և մոնիթորինգի համակարգի հեղինակությանը։
«Մենք ակնկալում ենք, որ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարությունը անհապաղ, մասնագիտական և անկաշկանդ արձագանք կտա՝ առանց ընդհանուր և դիվանագիտական ձևակերպումների։ Անհրաժեշտ է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի կողմից օբյեկտիվ զեկույց, որը պետք է քննարկվի գործակալության հատուկ նիստում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում», - նշված է հայտարարությունում։
Ռուսաստանը նաև ընդգծել է, որ պարտադիր է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արձագանքը՝ նշելով. «Անհրաժեշտ է հավաքական ուժերով մերժել ԱՄՆ-ի և Իսրայելի այս հակամարտային գործողությունները»։
Հայտարարության ավարտին ՌԴ ԱԳՆ-ը կոչ է արել անհապաղ դադարեցնել ագրեսիան և ուժեղացնել ջանքերը՝ իրավիճակը քաղաքական և դիվանագիտական հուն վերադարձնելու ուղղությամբ։
comment.count (0)