armenpress.am: Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները:
Ինչպես փոխանցում է Xinhua լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին:
Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր Արևելքում:
«Չինաստանը կոչ է անում հակամարտության կողմերին, մասնավորապես, Իսրայելին, որքան հնարավոր է շուտ հասնել հրադադարի, ապահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը և երկխոսություն ու բանակցություններ սկսել»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել միջազգային հանրության հետ ՝ միավորելու ջանքերը և պաշտպանելու արդարությունը, ինչպես նաև աշխատելու Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության վերականգնման ուղղությամբ:
comment.count (0)