Հայտնի են 14 ձերբակալվածներից 12-ի անունները: Այս մասին հայտարարել են Սրբազան պայքարից։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» շարժման տելեգրամ ալիքը:
Ձերբակալվածներն են՝ Բագրատ Սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, Մովսես Շարբաթյան:
Լրացում
«Սրբազան պայքար» շարժումը ավելի ուշ հայտնեց, որ ձերբակալվել է նաև Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը:
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, թե ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ», հրապարակել ձայնագրություններ, ինչպես նաև գործի շրջանակում շուրջ 9 տասնյակ անձանց տներից առգրավված իրերի լուսանկարներ։
Նշենք, որ նախօրեին մերձիշխանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր տպած փաստաթղթի լուսանկարներ, որտեղ հակաիշխանական գործողությունների պլան էր նկարագրված։ Կառավարող ուժի անդամները այդ փաստաթուղթը վերագրում են ընդդիմությանը՝ այն համարելով «հեղաշրջման պլան»։ Նշված փաստաթղթում, ի թիվս այլնի, նկարագրված է որոշակի գործողությունների հաջորդականություն ինչպես սոցիալական տիրույթում, այնպես էլ փողոցում, խոսվում է խոշոր գործարարների ներգրավման անհրաժեշտության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «կողմերի» հաշտեցման ու Գարեգին Բ-ին այդ գործողություններին միանալու հարցում համոզելու մասին։
comment.count (0)