Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով ի հայտ են եկել նոր տեղեկություններ. Քննչական խմբի ղեկավար |aysor.am|
08:01 - 27 սեպտեմբերի, 2019

Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով ի հայտ են եկել նոր տեղեկություններ. Քննչական խմբի ղեկավար |aysor.am|

aysor.am։ Ամուլսարի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, քանի որ վերջին շրջանում ի հայտ են եկել նոր տեղեկություններ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը։

Հիշեցնենք՝ Այվազյանը միայն վերջերս է նշանակվել այս գործով քննչական խմբի ղեկավար։ Մինչ այդ քննչական խումբը ղեկավարում էր Յուրա Իվանյանը, որը, ինչպես լրագրողների հետաքննությունն էր պարզել, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի ազգականն է։ Հենց այդ նախարարն էր 2016-ին հաստատել հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը:

Լրագրողների հարցին, թե արդյոք ի հայտ եկած նոր տեղեկությունները կարող են լինել քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի կողմից թաքցրած տեղեկությունները, Այվազյանը հստակ չպատասխանեց և միայն ասաց.

«Թույլ տվեք այս պահին իրավական գնահատականներ չտալ։ Պարզապես կարող եմ ասել, որ նախաքննությունը շարունակվում է, որի հիման վրա առաջիկայում հստակ տեղեկություն կփոխանցվի»։

Այդուհանդերձ, այվազյանը նկատեց, որ որպես նոր տեղեկություն դիտարկվում է Շրջակա միջավայրի նախարարության կողմից Քննչական կոմիտե ուղարկված գրությունը։ «Այդ գրության մեջ առկա են նոր տեղեկություններ, նոր տվյալներ, որոնք անհրաժեշտ են քրեական գործը ընդհանրության մեջ դիտարկել», - ասաց Այվազյանը՝ չբացառելով, որ նոր փորձաքննություն իրականացվի։

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել