tert.am։ Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատի, որ Ամուլսարի հանքը շահագործվելու է, ջերմուկցիները պատրաստվելու են ՀՀ-ին դատի տան միջազգային ատյաններում: Այս մասին Ջերմուկում ասաց ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման ակցիային մասնակցող բնակիչներից մեկը:
«Իրականում գործադուլը դեռևս մեկ օր է տևելու: Կառավարության կողմից արձագանքի ենք սպասում: Համայնքի բնակչության մեծ մասն է հավաքվել: Մենք մեղավոր չենք, որ Ջերմուկը փոքր քաղաք է և չենք կարող 10-15 հազար մարդ հավաքել: Սա ուղիղ ժողովրդավարություն է, այստեղ քննարկելու բան չկա»,- ասաց ակցիային մասնակցող ջերմուկցիներից մեկը:
Բնակչի խոսքով՝ ոչ ոք պահանջ չունի Թեղուտի, Քաջարանի հանքերը փակել, քանի որ այդ քաղաքները հենց հանքարդյունաբերական քաղաքներ են, բայց Ջերմուկը, ցանկալի է, որ մնա որպես առողջարան:
Բնակչի խոսքով՝ արդեն 1.5 տարի է՝ պայքարը կա, բայց միշտ խաղաղ են պայքարել և ոչ մի ագրեսիա ցույց չեն տվել:
«Ես ուղղակի ասում եմ, եթե վարչապետը շարունակի ասել, որ պետք է հանքը աշխատի, ես անձամբ կկազմակերպեմ, որ ջերմուկցիները ՀՀ-ին դատի տան միջազգային ատյաններում, իրենց ապրելու և աշխատելու իրավունքները խախտելու համար: Մեզ պարտադրում են ուրիշ կերպ ապրել, մենք չենք ուզում»,- շեշտեց նա:
comment.count (0)