lragir.am: Lragir.am-ը Ռուսաստանում արդեն մեկ ամիս արգելափակված է: Ռոսկոմնադզորը մեկ տարի առաջ արգելափակել էր հայկական մի շարք կայքեր, Ռուբեն Թաթուլյանի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պատճառաբանությամբ: Այնուհետեւ արգելքը վերացվեց, սակայն մեկ տարի անց նույն պատճառաբանությամբ կայքը կրկին արգելափակվել է:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ ժողովրդավարական երկրներում սովորաբար չեն արգելափակում կայքերը:
«Շատ տարբեր են կարգավորումներն աշխարհում։ Սովորաբար ժողովրդավարական երկրներում նման բան չի լինում։ Եվրամիությունում կա նման կարգավորում՝ «մոռացվելու իրավունքը»: Սա ենթադրում է, որ կոնկրետ հոդվածը հեռացվում է որոնողական համակարգերից։ Այսինքն, այդ հոդվածը Google-ով չես գտնի, բայց արգելափակված չէ»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Մյուս կողից, ըստ մասնագետի, ԵՄ-ում կայքերը չեն արգելափակում, ընթերցողը միայն տվյալ էջը չի կարողանում գտնել: «Բայց եթե այդ էջն ուղարկեն ձեզ, կկարողանաք կարդալ: Ձեր դեպքում էջն արգելափակել հնարավոր չէ, քանի որ կայքը աշխատում է https-ով: Կամ ողջ կայքը պետք է փակեն, կամ ոչ մի բան»,- նշեց նա:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ նման դեպքում լրատվամիջոցը պետք է դիմի Արտաքին գործերի նախարարություն ու տվյալ երկրում ՀՀ դեսպանություն՝ խնդիրը կարգավորելու համար: Ըստ մասնագետի՝ սա տեղեկատվական դաշտը կարգավորելու արատավոր գործելաոճ է:
comment.count (0)