armenpress.am։ Չինաստանից Հայաստան զբոսաշրջիկների թիվը նկատելիորեն աճում է: 2018 թվականին Չինաստանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 59.9 տոկոսով 2017-ի համեմատ:
Աճի դինամիկա առկա է նաև 2019 թվականի առաջին եռամսյակում: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ Չինաստանից զբոսաշրջիկների թիվն աճել է 40 տոկոսով: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը նշեց, որ Չինաստանը Հայաստանի համար թիրախային շուկա է:
«Այդ համատեքստում երկու երկրների միջև վիզայի չեղարկումը կարող է նոր թափ հաղորդել զբոսաշրջության զարգացմանը և Հայաստանի ու Չինաստանի միջև ոլորտում համագործակցությանը: Թվային մարկետինգի պլանավորման աշխատանքներում մեծ ուշադրություն ենք դարձնում հենց Չինաստանին, որ այդ ուղղությամբ հատուկ թվային արշավներ ձևավորվեն:
Օգտագործում ենք բոլոր հնարավորությունները և՛ թվային հարթակը, և՛ Հայաստանի մասին պատմող ֆիլմերի ցուցադրությունը, և՛ ցուցահանդեսները: Հայաստանը հենց այս օրերին մասնակցում է Շանհայի համագործակցության կազմակերպության կողմից կազմակերպած մի ցուցահանդեսի, որը նվիրված է գինու զբոսաշրջությանը, գինու երթուղիներին: Հայկական արտադրանքը և զբոսաշրջային հնարավորությունները մեծ ուշադրության են արժանացել չինացի այցելուների շրջանում»,-ասաց Աննա Օհանյանը:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը պատահական չի համարում Չինաստանը թիրախային շուկա համարելը: Նա նկատեց, որ արտագնա զբոսաշրջության ոլորտում զբոսաշրջիկների թվով աշխարհում առաջին երկիրը Չինաստանն է: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Չինաստանի հետ Հայաստանն արդեն ունի բավական պարզ վիզային ռեժիմ: Քաղաքացիները կարող են վիզան ստանալ հենց սահմանին կամ առցանց: Ներկայում երկու երկրների միջև վիզայի չեղարկումը Մեխակ Ապրեսյանը համարում է մի նոր մակարդակ:
«Եվ կարևոր է այն, որ դա փոխադարձ է: Այսինքն՝ նույն պայմաններով Հայաստանի քաղաքացիները կարող են գնալ Չինաստան: Վերջին տարիներին Չինաստանի նկատմամբ Հայաստանի հետաքրքրությունը բարձրանում է, այս տարվա առաջին եռամսյակում շուրջ 40 տոկոսով աճել են Չինաստանից Հայաստան այցելությունները: Թեև թիվը շատ մեծ չէ, սակայն աճի տեմպերն ավելի խոստումնալից են: Մնում է ուղիղ չվերթներ լինեն»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
Ի՞նչ անելիք ունեն պետական կառույցները, մասնավոր հատվածը: Մեխակ Ապրեսյանը նշեց, որ մի քանի տարի է Չինաստանի ուղղությամբ հետևողական աշխատանք տարվել է, ներկայում էլ այն ակտիվ փուլում է: Իհարկե, ըստ նրա, պետք է ավելի նպատակային, արդյունավետ մարկետինգային քաղաքականություն իրականացնել, և ամենակարևորը՝ ամեն ինչ անել, որ ուղիղ չվերթներ բացվեն:
«Ակտիվ պետք է լինի մասնավոր հատվածը՝ ներկայացնելով ոչ միայն Հայաստանի հետ կապված, այլև տարածաշրջանային տուրիստական փաթեթներ մի քանի ուղղություններով՝ Հայաստան, Վրաստան, Իրան»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:
comment.count (0)