Մայիսի 11-ին մամուլում տեղեկություն տարածվեց, որ նույն օրը անհայտ անձը հեծանվով մեծ արագությամբ ընթացել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի ուղղությամբ, փորձել վրաերթի ենթարկել նրան, ապա հնչեցրել է սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ։ Բաղդասարյանը ոստիկաններին հայտնել է, որ տեղի ունեցածը կապված է իր աշխատանքային գործունեության հետ:
2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանությունում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, նախաքննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեն։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Էջմիածին քաղաքի բնակիչ Արթուր Ալեքսանյանը, ձերբակալվել, ապա կալանավորվել է։
Արցախի նախկին ՄԻՊ, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը Ալեքսանյանի ձերբակալման օրը հանդես եկավ ֆեյսբուքյան գրառմամբ՝ հայտնելով, որ անձը չի ընդունել իրեն մեղսագրվող արարքը։ Ապա, նշելով, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածով՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», Մելիքյանը մեջբերել է նույն հոդվածի 3-րդ մասը, որը սահմանում է «իշխանության ներկայացուցիչ» հասկացությունը.
«Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայության ենթակայության տակ գտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով»։
Մելիքյանի պնդմամբ՝ 316-րդ հոդվածը վերաբերելի է միայն այն ծառայողներին, որոնք իրավասու են ցանկացած մարդու կարգադրել։ Ըստ նրա՝ այդ անձինք հիմնականում ոստիկանության ծառայողներն են․
«Հիմա՝ ԱԺ պատգամավորը երբվանի՞ց դարձավ ոստիկան, որ նրա նկատմամբ իբրև թե բռնությունը որակել եք 316-րդ հոդվածով։ Երբվանի՞ց եք պատգամավորներին օժտել մարդկանց կարգադրելու լիազորությամբ»,- հարց է հնչեցրել Ռուբեն Մելիքյանը։
Infocom-ը փորձեց պարզել՝ Քրեական օրենսգրքի վերոգրյալ հոդվածի կոնտեքստում ո՞ր սուբյեկտը կարող է դիտարկվել որպես իշխանության ներկայացուցիչ։
Իրավաբան Էդգար Շաթիրյանի խոսքով՝ պնդումը, թե պատգամավորն իշխանության ներկայացուցիչ չէ, միանշանակ չէ, քանի որ 316-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իշխանության ներկայացուցչի համար պարտադիր պայման է հանդիսանում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող լինելը։
Այս դեպքում, ինչպես մեր զրույցում նշեց Շաթիրյանը, պետական մարմնում ծառայող հասկացությունը կարող ենք մեկնաբանել լայն առումով։ Մասնավորապես, ելնելով Հանրային ծառայության մասին օրենքի տրամաբանությունից՝ հանրային ծառայությունն ընդգրկում է պետական ծառայությունը, համայնքային ծառայությունը եւ հանրային պաշտոնները։
Այս օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նշված է, որ պետական պաշտոնները դասակարգվում են տեսակների՝ քաղաքական, վարչական, ինքնավար և հայեցողական: Պետական պաշտոնների շարքում իրենց հերթին առանձնացվում են նաեւ պետական քաղաքական պաշտոնները, որոնց թվում է նաեւ պատգամավորի պաշտոնը։ Եւ, ըստ Շաթիրյանի, եթե այս առումով մեկնաբանենք ծառայող եզրույթը, պատգամավորին կարելի է դիտարկել որպես պետական ծառայող։
Միաժամանակ ՔՕ 316-ի երրորդ մասում նշված է, որ իշխանության ներկայացուցիչ համարվում է այն անձը, որը ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ օժտված է կարգադրիչ լիազորություններով․
Հետեւաբար, ըստ Էդգար Շաթիրյանի, վերջական եզրահանգման գալու համար՝ ՔՕ 316-րդ հոդվածի իմաստով պատգամավորը հանդիսանո՞ւմ է իշխանության ներկայացուցիչ, թե՞ ոչ, անհրաժետ է պատասխան տալ հետեւյալ հարցին․ արդյոք պատգամավորն օժտվա՞ծ է կարգադրիչ լիազորություններով՝ իր ծառայողական ենթակայության ներքո չգտնվող անձանց նկատմամբ։
«ԱԺ կանոնակարգ» օրենքը եւ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքը պատգամավորին վերապահել են մի շարք իրավունքներ․ պատգամավորը կարող է հարցումներով եւ առաջարկություններով դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, վերջիններս պարտավոր են քննարկել դրանք ու սահմանված ժամկետներում պատասխան տալ։ Պատգամավորի լիազորություններւում կարգադրիչի որոշակի էլեմենտներ կան, բայց եթե դասական առումով մեկնաբանենք (եթե այդպիսի համընդհանուր սահմանում կա, ինչի առնչությամբ ողջամիտ կասկածներ ունեմ), կարծես թե կարգադրիչ եզրույթի հետ կապված խնդիր ենք ունենում»,- ասաց Շաթիրյանը։
Իսկ ինչ վերաբերում է մեկնաբանությանը, թե օրենքը իշխանության ներկայացուցիչ է դիտարկում հիմնականում ոստիկանության ծառայողին, ապա, իրավաբանի համոզմամբ, եթե ՔՕ հիշատակված հոդվածի իմաստով որպես տուժող միայն ոստիկանն է դիտարկված, ապա հոդվածի վերտառության եւ տեքստի «իշխանության ներկայացուցիչ» ձևակերպման գործածությունն է իմաստազրկվում է․ պատգամավորին որպես իշխանության ներկայացուցիչ դիտարկելու հարցի համատեքստում պետք է նկատի ունենալ, որ նա պետաիշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, ինչը չի բացառում նաև կարգադրիչ տարրը (լայն առումով)՝ պատգամավորի կողմից ի պաշտոնե հանդես գալիս կամ գործելիս։
Infocom-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ ՀՀ քննչական կոմիտեից, սակայն մեզ պատասխանեցին, որ ՀՀ քննչական կոմիտեն նման ընթացակարգով չի մեկնաբանում, չի հիմնավորում կոմիտեի քննիչների կայացրած որևէ որոշում, այդ թվում՝ 316-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու որոշումը:
«Քննիչը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կայացրել է Ձեր նշած որոշումը: ՀՀ քրեական դատավարության համապատասխան սուբյեկտները որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, քննիչի որոշումը կամ գործողությունները կարող են բողոքարկել դատախազություն կամ դատարան»,- հավելեցին ՔԿ մամուլի ծառայությունից:
Այսպիսով, հիմնվերով Հանրային ծառայության մասին, Պատգամավորի գործունեության մասին եւ ԱԺ կանոնակարգ օրենքների՝ նշված մի շարք հոդվածների վրա՝ կարող ենք ասել, որ պատգամավորը կարող է համարվել իշխանության ներկայացուցիչ, քանի որ ունի կարգադրիչ համարվող որոշակի լիազորություններ։ Ռուբեն Մելիքյանի պնդումը, թե ՔՕ 316-րդ հոդվածը վերաբերում է հիմնականում ոստիկանության ծառայողներին, խնդրահարույց է, իսկ այն, որ պատգամավորը իշխանության ներկայացուցիչ չէ, միանշանակ չէ։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)