armenpress.am: Ինչպես արդեն գիտենք, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ այս տարի դպրոցական ավարտական քննություններ չեն անցկացվի, իսկ բուհ ընդունվողները կարող են միայն մեկ քննություն հանձնել։ Աշակերտներին նման «արտոնություն» տալը, ըստ որոշ ծնողների, անհետեւանք չի մնա կրթության գործընթացի եւ որակի վրա։ Նրանք արդեն իսկ դժգոհություններ են հայտնում։ Մասնավորապես, համայնքային առանձին դպրոցներում ուսուցիչները հանձնարարություններ չեն տալիս կամ հեռավար ուսուցումն իրականացնում են մասամբ եւ իմիջիայլոց։
Սակայն, ի հակադրություն այդ ծնողների, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում պնդում է հակառակը. «Ես ունեմ ուսուցիչ ընկերներ, ովքեր վիրավորական են համարում աշակերտների հեռավար դասերին չմասնակցելը։ Կարծում եմ՝ դպրոցականները չեն մասնակցում, քանի որ կենտրոնացած են միայն նեղ մասնագիտական առարկաների վրա։ Բայց եկեք չմոռանանք, որ նույնիսկ առկա ուսուցման պարագայում 12—րդ դասարանցիները նույնպես չէին հաճախում դպրոց, պատրաստվում էին ընդունելության քննություններին»։
Պատգամավորը պնդում է՝ հեռակա ուսուցման պարագայում կրթության որակի ակնհայտ փոփոխություններ չեն եղել։ Կրթության մասնագետն ասում է, թե ինքը տեղյակ չէ ուսուցիչների քմահաճ աշխատանքից, առավել եւս, որ հանձնարարություններ չեն տալիս. «Կարծում եմ՝ մեր ուսուցիչները պատասխանատու կերպով իրականացնում են իրենց աշխատանքը»։ Ավելին՝ գտնում է, որ կորոնավիրուսի համավարակից հետո, երբ աշակերտները վերադառնան բնականոն ուսումնական գործընթացի, կրթությունը կիրականացվի ավելի բարձր մակարդակով, քանի որ, ըստ նրա, այս ընթացքում ուսուցիչները, տնօրինությունն ու աշակերտները ձեռք են բերել մեծ փորձառություն։
«Հասկանալով կրթության դերը՝ դպրոցականներն առավել պատասխանատվությամբ են մոտենում։ Շատ բաներ փոխված կլինեն, մենք լավ հնարավորություն ունենք նոր էջից սկսելու կրթական գործընթացը։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ առկա կրթությունը դժվար է այսքան կարճ ժամանակամիջոցում փոխարինել հեռավար կրթությամբ։ Հեռավարի հետ կապված նախապատրաստական կրթության աշխատանքները պետք է սկսվեին հաջորդ տարվանից։ Համապատասխան փոփոխություններն օրենքում այս նպատակով արդեն արվել էին, բայց տեսաք, որ իրավիճակը ստիպեց արագ անցում կատարել հեռավարին»,–նկատում է Հովհ. Հովհաննիսյանը։
Պատգամավորը միաժամանակ շեշտում է՝ տեխնիկական թույլ հագեցվածությամբ պայմանավորված այսքան հապճեպ հեռավար կրթության անցնելը, բնականաբար, ունեցավ նաեւ իր թերի կողմերը. «Հետեւանքը եղավ այն, որ որոշում կայացվեց տարին ամփոփել մինչեւ կարանտինն ունեցած գնահատականներով։ Որոշում կայացվեց նաեւ ընդունելության քննությունները կազմակերպել մեկ քննության հիման վրա՝ հաշվի առնելով, որ աշակերտները հնարավորություն չէին ունեցել մասնակցելու ամբողջական դասընթացին։ Նրանց հնարավորություն տրվեց գոնե մեկ առարկայով ընդունվել, եւ սա իր հետ կբերի որոշակի խնդիրներ։ Կարանտինային ժամանակահատվածը հնարավորություն տվեց վեր հանել բոլոր բացերը, զարգացնել, էլեկտրոնային հարթակներ ստեղծել, տեսադասեր կազմակերպել։ Այս իրավիճակում ունեցանք մի քանի անգամ ավելի արագ ստեղծվող արտադրանքներ, քան կունենայինք բնականոն ժամանակ։ Դրանք են տեսադասերը, հեռավար կրթության մոդուլները, էլեկտրոնային հարթակների ստեղծումը»։
comment.count (0)