armenpress.am: Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով, իր գնահատմամբ, կարճ ժամանակահատվածում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, նրա անվտանգության աստիճանի զգալի բարձրացման գործում ոչ միայն մեծ աշխատանք է կատարել, այլև պատրաստակամ է հետագա բոլոր ծրագրերում նշանակալի մասնակցություն ապահովելու հարցում:
Հարությունյանն այս մասին ասաց Արցախի Ազգային ժողովի հատուկ նիստում՝ պաշտոնը ստանձնելու համար երդման հանդիսավոր արարողության իր ելույթում:
«Արցախը միշտ զգացել է ՀՀ քաղաքացիների և իշխանությունների զորեղ սատարումը, ինչի համար շնորհակալ ենք բոլորին: Այդ համատեքստում կուզեի նաև երախտագիտություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով կարճ ժամանակահատվածում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման, նրա անվտանգության աստիճանի զգալի բարձրացման գործում ոչ միայն մեծ աշխատանք է կատարել, այլև պատրաստակամ է հետագա բոլոր ծրագրերում նշանակալի մասնակցություն ապահովելու հարցում»,-ասաց Հարությունյանը:
Դիմելով Փաշինյանին՝ նա վստահեցրեց, որ Արցախն իր ամբողջ ներուժով սատար է Մայր հայրենիքին «Եվ Ձեզ հետ համատեղ պատրաստ եմ կիսելու մեր միացյալ հայրենիքի առջև ծառացած հիմախնդիրների լուծման ու մարտահրավերների դիմակայության բոլոր դժվարությունները»,-ասաց նախագահը:
comment.count (0)