armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը վստահեցնում է, որ իրենց խմբակցությունը նիստերի դահլիճ վերադառնալը երբեք չի կապել իշխանության դիրքորոշման հետ:
Գորգիսյանն այս մասին ասաց ԱԺ մայիսի 26-ի նիստում իր ելույթում՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն մտքին, որ ԼՀԿ-ի վերադարձը նիստին նշանակում է, որ տեղի ունեցածի վերաբերյալ իշխանության գնահատականը բավարարել է խմբակցությանը:
Միրզոյանը հիշեցրել էր՝ «Լուսավոր Հայաստան»-ը հայտարարել էր, թե խորհրդարան կվերադառնան այն դեպքում, երբ կհնչի տեղի ունեցածի դատապարտում, և կլինի քաղաքական գնահատական: Եվ նիստում գործընկերներին տեսնելով՝ կարող է ենթադրել, որ այդ գնահատականը հնչել է և բավարարել է «Լուսավոր Հայաստան»-ին:
Գորգիսյանն արձագանքեց. «Լուսավոր Հայաստան»-ը երբեք իր դահլիճ վերադառնալը որևէ կերպ չի կապել ձեր դիրքորոշման հետ»,-ասաց նա ու ընդգծեց՝ հույս չեն ունեցել, որ քաղաքական ուժից որևէ մեկը վարչապետի ելույթից տարբերվող կարծիք կհայտնի:
«Մենք հայտարարել ենք, որ կանենք հետևություններ: Եվ հետագա մեր գործունեությունը կպայմանավորենք նաև ձեր՝ այդ օրերին արած կամ չարած գործողություններով»,-նշեց նա:
comment.count (0)