Անձնագրում ծննդյան վայրը նշելու հիմքը ծննդյան վկայականն է․ քաղաքացու անձնագրում Ադրբեջան գրառումը փոխարինելու հարցով ՀՀ Ոստիկանությունը պատրաստ է քննարկումների
13:25 - 18 հունիսի, 2020

Անձնագրում ծննդյան վայրը նշելու հիմքը ծննդյան վկայականն է․ քաղաքացու անձնագրում Ադրբեջան գրառումը փոխարինելու հարցով ՀՀ Ոստիկանությունը պատրաստ է քննարկումների

Այս տարվա հունիսի 11-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր Արցախի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի բնակչի՝ ՀՀ քաղաքացիության անձնագիր, որտեղ որպես անձի ծննդավայր նշված է Ադրբեջանը։

ԲՀԿ պատգամավորը, մասնավորապես, նշել է․

«Եթե անգամ ժամանակին Արցախը դե յուրե եղել է Ադրբեջանի կազմում, որքանո՞վ է քաղաքականապես նպատակահարմար Արցախում ծնված քաղաքացիների նոր անձնագրերում ևս գրել Ադրբեջան: Պարզ է նաեւ, որ օրենքի տառը պահելու դեպքում պիտի գրվի Ադրբեջան։ Բայց,  կարծում եմ էստեղ այլ լուծում պիտի գտնել»։

Նաիրա Զոհրաբյանի գրառումից հետո ՀՀ Ոստիկանությունը պարզաբանում տարածեց և նշեց, որ քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշելիս հիմք է հանդիսանում ծննդյան վկայականում նշված ծննդավայր երկիրը։

Այնուամենայնիվ Infocom-ը որոշեց հասկանալ, թե ի՞նչ պատճառով է քաղաքացու անձնագրում ծննդավայրը նշվել Ադրբեջան և արդյո՞ք հնարավոր էր ընդհանրապես չնշել ծննդավայր։

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի համաձայն՝  անձնագրում հայերենով և անգլերենով ամրագրվում են քաղաքացու հետևյալ անհատական տվյալները.

1) ազգանունը, անունը, ինչպես նաև հայրանունը` միայն հայերեն տարբերակում,

2) ծննդյան վայրը, օրը, ամիսը, տարեթիվը,

3) սեռը,

4) քաղաքացիությունը,

5) ազգությունը` քաղաքացու կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում` ներկայացուցչի ցանկությամբ,

6) բնակության վայրը (նշվում է միայն երկիրը):

Ծննդյան վայրը հաստատող փաստաթուղթը ծննդյան վկայականն է և այն անձնագրում նշվում է միայն նշված փաստաթղթի հիմքով։

Պատգամավորը նշում է, որ անձը դիմել է անձնագիրը թարմացնելու (ըստ օրենքի՝ փոխանակելու համար, քանի որ անձնագրի ժամկետը լրանալը փոխանակման հիմք է-հեղ․)։ Անձնագրում նշված է, որ այն ստացվել է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին, ինչի համար հիմք պետք է հանդիսանար նախորդ անձնագիրը։ Իսկ առաջին անգամ անձնագիր ստանալիս պետք է իր ծննդյան վկայականը ներկայացներ, որպեսզի անձնագրում պահանջվող անհատական տվյալը լրացվեր։

Նաիրա Զոհրաբյանը հետգրությամբ նշում է, որ այսօրինակ դեպքերում կարելի է գրել ոչ թե պետության անվանումը, այլ միայն բնակավայրը, ինչը չի հակասի ICAO- ի ստանդարտներին (Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության):

Այդ ստանդարտների համաձայն՝ ծննդյան վայրը կարող է ներկայացվել ոչ միայն պետության, այլ՝ ծննդյան քաղաքի, արվարձանի անվանմամբ։ Սակայն վերոնշյալ ստանդարտները չեն սահմանում, թե որտեղից պետք է վերցվեն ծննդյան վայրի տվյալները։ Այս դեպքում պետք է առաջնորդվել տվյալ պետությունում, այս դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում գործող իրավակարգավորումներվ։ ՀՀ-ում, ինչպես արդեն նշեցինք, անձնագիր ստանալիս որպես ծննդավայր նշվում է այն, ինչը նշված է անձի ծննդյան վկայականում։

Պատգամավորի գրառման վերաբերյալ խոսեցինք նաև ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ։ 

Վերջինս  նշեց, որ ծննդյան վկայականները ոստիկանության գործառույթներին չեն առնչվում, անձնագրում ֆիքսվում է ծննդավայրը, որն արտացոլված է ծննդյան վկայականում, որը փոփոխման ենթակա չէ մինչեւ մարդու կյանքի ավարտը, եւ շատ քաղաքացիներ խնդիրներ են ունենում, երբ ծննդյան վկայականի եւ անձնագրի տվյալները չեն համընկնում։

«ՀՀ ոստիկանությունն առաջնորդվում է իր գործառույթները կարգավորող օրենսդրությամբ։ Մենք պատրաստ ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ ունենալ, բայց այն, ինչ կատարվել է, կատարվել է օրենքի սահմաններում՝ ընդունված կարգերի համաձայն»,-եզրափակեց Աշոտ Ահարոնյանը։

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Infocom-ի հետ զրույցում նշեց, որ եթե քաղաքացին չի ցանկանում, որ իր անձնագրում գրված լինի ծննդավայրը՝ Ադրբեջան, ապա գոնե Ոստիկանության հետ բանակցության արդյունքում կարող են ուղղակի գրել Խորհրդային միություն։

«Իհարկե, սա լավագույն լուծումը չէ, բայց տեխնիկապես որոշակի լուծում է իրենից ենթադրում։ Ընդունված կարգ է, որ ծննդավայրը գրում են այն վայրը, որը ֆիքսված է մարդու ծննդյան վկայականում։ Միջազգային պրակտիկայում էլ է այդպես, վստահ եմ, ուրիշ պետություններում էլ է այդպես․ նույն սկզբունքով գրվում է ծննդավայր քաղաքը և պետությունը։ Իհարկե, համաշխարհային փոփոխություններ են լինում, պետություններ են անկախանում կամ մտնում են այլ պետության կազմի մեջ, բայց, համենայն դեպս, ծննդյան վայրը նշվում է այն քաղաքը, որը գրված է ծննդյան վկայականում։ Այսինքն, տվյալները տեխնիկապես արտատպվում են»,-նշեց մեր զրուցակիցը։

Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ քաղաքացիներն իրավական առումով խնդիր կունենան։

«Նաև կարծում եմ, որ եթե ցանկություն ունեն փոփոխելու պետք է քննարկեն Ոստիկանության հետ և անձնագրերում նշվի քաղաքը և ԽՍՀՄ։ Սա կարծում եմ լավագույն լուծումն է այդ մարդկանց համար»-եզրափակեց քաղաքագետը։

Infocom-ը զրուցեց նաև քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի հետ։ Պարոն Մանասյանը ՀՀ քաղաքացու անձնագրում ծննդավայրը Ադրբեջան գրելու վերաբերյալ մեր հարցին պատասխանեց իր օրինակով․

«Ես անձնագիր ունեմ, որտեղ գրված է Բաքու, Ադրբեջան։ Ես ծնվել եմ այնտեղ 1940 թվականին՝ 80 տարի առաջ։ Հիմա ես կողմ եմ, որ դա գրված լինի, որովհետև դրանով ասվում է, որ ես այնտեղից դուրս եմ եկել և չեմ կարողանում գնալ իմ տունը։ Դա ունի ենթատեքստեր»։

Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ անձնագրերում փոփոխություններն էլ են քաղաքական հարցեր։

«Եթե քաղաքականությունը բացատրում ես նրան և նա չի հասկանում, ուրեմն կարող է փոփոխություններ անել անձնագրում»,-եզրափակեց քաղաքագետը։

Այպիսով, կարող ենք փաստել, որ տվյալ անձի անձնագրում ծննդյան վայրը նշվել է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքին համապատասխան և այս պահին այլ օրենսդրական կարգավորում նախատեսված չէ, սակայն ՀՀ Ոստիկանությունը, ինչպես պարզ է դառնում Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ զրույցից, պատրաստակամ է այս հարցով քննարկումներին։

Ուշագրավ է, որ Նաիրա Զոհրաբյանն այս հարցը բարձրացնում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի կողմից Ռուսաստանից ժամանած արցախաբնակ քաղաքացուն Շուշիի հիվանդանոց ուղեգրելու փաստաթղթի շուրջ հենց նույն օրը՝ հունիսի 11-ին բարձրացված աղմուկի ֆոնին։ Դեռ երեկ Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորը պարզաբանում էր տարածել, որում մասնավորապես նշել էր․

««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օրերս հայտնված ուղեգիրը, որտեղ նշված է «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք», տեխնիկական սխալի հետևանք է: Այդ բառերը ոչ ոք չի լրացրել ձեռքով, դա պարզապես Յանդեքսի էլեկտրոնային քարտեզի ավտոմատ տվյալն է, որը համակարգը փոխանցում է հենց հայերեն»։

Արփի Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել