Վիրավորելու համար 5 միլիոն, զրպարտության` 10 միլիոն դրամ փոխհատուցում. Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը |hetq.am|
12:02 - 20 հունիսի, 2020

Վիրավորելու համար 5 միլիոն, զրպարտության` 10 միլիոն դրամ փոխհատուցում. Ալեն Սիմոնյանի նախաձեռնությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ցանկանում է սոցիալական ցանցներում և ԶԼՄ-ներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը հնգապատկել, վիրավորանքի դեպքում մեկ միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ:

Ալեն Սիմոնյանը փոփոխություններ է առաջարկում Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում` պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի փոխհատուցման կարգում:

Նույն հոդվածը սահմանում է, որ վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.

  • Հրապարակայնորեն ներողություն խնդրել:
  • Եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը:
  • Սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Զրպարտության դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը.

.Եթե զրպարտությունը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և (կամ) հրապարակել դրանց վերաբերյալ իր պատասխանը:

  • Սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:

Նախագծի հիմնավորումներում հղում է արվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպային որոշումներից մեկին, ըստ որի քաղաքացիական ծառայողները, որոնք նշանակված են պաշտոնում, ինչպես և քաղաքական գործիչները, ենթարկվում են առավել լայն քննադատության, քան մասնավոր անձինք:

Եւ որպես հիմնավորում նշվում է այն, որ նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել` խստացնել, խոսքի ազատության չարաշահման հետ կապված հասարակական հարաբերությունները:

«Նման կարգավորումը միտված է պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը, կեղծ զրպարտչական և (կամ) վիրավորական արտահայտություններից: Խոսքի արտահայտությունն ընդունելով որպես բարձրագույն արժեք ժողովրդավարական հասարակությունում, այնուամենայնիվ, անհրաժեշտ է փաստել, որ այն բացարձակ իրավունք չէ, և կարող է սահմանափակվել այլոց իրավունքների պաշտպանության նպատակով»,-ասված է նախագծում:

Ըստ ԱԺ փոխխոսնակի` խոսքի ազատության սահմանափակումը կարող է լինել իրավաչափ, եթե այդ սահմանափակումը պաշտպանում է որևէ անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, եթե այդ սահմանափակումը սահմանված է օրենքով, և եթե այդ սահամանափակման դեպքում նախատեսված պատասխանատվությունը համաչափ է ժողովրդավարական հասարակության չափանիշների տեսանկյունից:

Նշվում է նաև, որ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, այնուամենայնիվ չպետք է մոռանալ, որ  յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը:

Ըստ նախագծի հեղինակի` ներկայում բավականին լայն տարածում է գտել համացանցի միջոցով անձանց կարծիքն ազատ արտահայտելու համար անհիմն վիրավորելը, բացառություն չէ  նաև անձանց հրապարակային զրպարտելու ինստիտուտը:

Ըստ հիմնավորման` լրագրողը պարտավոր է հրաժարվել այնպիսի տեղեկատվության հրապարակումից, որը չի համապատասխանում իրականությանը, սպեկուլյատիվ բնույթ ունի, լրիվ չէ ու ունի առևտրային ուղղվածություն: 

Նախագծի համաձայն` առաջարկվող փոփոխությունները կապահովեն լրացուցիչ երաշխիքներ անձանց արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն ֆիզիկական անձի, այլև զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել