ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները չեն կիսում պետքարտուղարության կարծիքն Ադրբեջանի հարցում |amerikayidzayn.com|
10:16 - 07 հուլիսի, 2020

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները չեն կիսում պետքարտուղարության կարծիքն Ադրբեջանի հարցում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Պետքարտուղարությունը պատասխանել է հայկական հանձնախմբի կոնգրեսսկանների մտահոգություններին ՝ կապված Ադրբեջանի խոշոր զորավարժությունների ու Բաքվին տրամադրվող ռազմական օգնության հետ: Կոնգրեսական Ֆրենկ Փալոնն անդրադարձել է այս հարցին․

Հունիսի վերջին ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանեց ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոնի ու Կոնգրեսում հայկական հանձնախմբի մի շարք այլ կոնգրեսականների՝ պետքարտուղար Պոմպեոյին ու պաշտպանության նախարար Էսփերին հասցեագրված նամակին, ուր կոնգրեսականները մտահոգություն էին հայտնում Ադրբեջանի մայիսի 18-22-ի խոշոր զորավարժությունների ու Ադրբեջանին տրամադրվող ավելի քան 100 միլիոն դոլարի ամերիկյան ռազմական օգնության շուրջ: Կոնգրեսականները վտանգավոր և ապակայունացնող են որակել, հատկապես համավարակի պայմաններում անցկացվող այս զորավարժությունները: Անգամ նորմալ պայմաններում դրանք անընդունելի են՝ ելնելով զորավարժությունների հարձակողական բնույթից և ծավալից, նշել են կոնգրեսականները, ովքեր մեղադրել են Ադրբեջանին ԵԱՀԿ-ի 2011 թվականի Վիեննայի փաստաթղթի դրույթները խախտելու մեջ: Փաստաթուղթը սահմանում է նման ռազմական ակտիվության կանոնակարգը և տեղեկացման դրույթները:

Պատասխան նամակում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մերի Էլիզաբեթ Թեյլորը նշել է, որ ԱՄՆ նախկինում իր մտահոգություններն է հայտնել Ադրբեջանին խոշոր զորավարժությունների թափանցիկության բացակայության վերաբերյալ: Ըստ նրա, Վաշինգտոնը կշարունակի Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել ռազմական ակտիվության ողջ տեղեկատվության տրամադրման կարևության վրա:

Պետքարտուղարությունը, սակայն, ընդգծում է՝ իրենց ձեռքում եղած տեղեկության ուսումնասիրությունը չի բացահայտում, որ ադրբեջանական զորավարժությունները խախտել են Վիենայի փաստաթղթի դրույթները: Թեյլորն ընդգծել է, որ ԱՄՆ կարևորում է Ադրբեջանի և Հայաստանի հետ գործընկերության ամրապնդումը, որը ներառում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներքո հայկական և ադրբեջանական զորամիավորումների ներգրավվածությունը: Պետքարտուղարությունը հավելել է՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության ռազմական ծրագրերը Ադրբեջանի հետ բխում են ԱՄՆ-ի, Ադրբեջանի և տարածաշրջանային գործընկերների ազգային շահերից՝ օգնելով ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելմանը: Դրանք չեն իրականացվում Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանների կամ շփման գծի մոտ, չեն նպաստում Ադրբեջանի հարձակողական հնարավորությունների մեծացմանը և չեն սպառնում Հայաստանին ու տարածշրջանին, նշված է պետքարտուղարության պատասխան նամակում:

՛՛Ադրբեջանի զորավարժություններին մասնակցել է 10 հազարանոց զորաբանակ՝ չհաշված զրահատեխնիկան, տանկերը և հրետանին: Պետքարտուղարության պատասխանը, որ դա չի պահանջում տեղեկացում, ըստ Վիենայի փաստաթղթի, սխալ է: Զորավարժությունների մակարդակն ու ծավալը ակնհայտ պահանջում են դա՛՛,- ասում է Փալոնը:

Ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին, ըստ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահի, կողմնակալության վառ դրսևրում է, որը խախտում է ուժերի հարաբերակցության շուրջ համաձայնությունը, որով անկախ վարչակազմից, Հայաստանին ու Ադրբեջանին մշտապես տրամադրվել է նույնաչափ ռազմական օգնություն:

՛՛Անգամ եթե տրամադրվող այդ միջոցները չեն ծախսվում Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով, հարյուր միլիոն դոլարի ռազմական օգնության շնորհիվ Ադրբեջանը հնարավորություն է ստանում ազատված միջոցներով Թուրքիայից կամ այլ երկրից գնել հարձակողական զենքեր ՛՛,- կարծում է կոնգրեսականը:

Փալոնը տեղեկացրեց, որ այժմ հայկական հարցերով հանձախումբը փորձում է որոշակի դրույթներ ներառել հուլիսի վերջին Ներկայացուցիչների պալատի օրակարգում ներառվող Ազգային պաշտպանության հատկացումների օրինագծում (National Defense Authorization Bill), որով մարդու իրավուքները խախտող երկիրը պետք է զրկվի ռազմական օգնություն ստանալու հնարավորությունից: Ըստ կոնգրեսականի, Ադրբեջանը հայտնի է մարդու իրավունքների պաշտպանության խախտումներով և ռազմատենչ քաղաքականությամբ, ուստի չպետք է ներառվի պաշտպանական այն ծրագրում, որով ստացել է 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել