Նրանք շատ լավ պետք է իմանային, որ ՄԻԵԴ-ը չէր կարող բավարարել այդ դիմումը |lragir.am|
10:21 - 10 հուլիսի, 2020

Նրանք շատ լավ պետք է իմանային, որ ՄԻԵԴ-ը չէր կարող բավարարել այդ դիմումը |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ։

Ինչպե՞ս եք գնահատում ՄԻԵԴ-ի որոշումը, որով մերժեց ՍԴ արդեն նախկին երեք անդամների և Հրայր Թովմասյանի դիմումը՝ «միջանկյալ միջոց» կիրառելու վերաբերյալ, որով պետք է կասեցվեին սահմանադրական փոփոխությունները: Նրանք արդեն հայտարարել են, որ շարունակելու են իրենց պայքարը:

Այդ որոշումը սպասելի էր, կարծում եմ՝ նաև դիմումատուների համար պետք է դա սպասելի լիներ, որովհետև թե ՍԴ-ի արդեն նախկին անդամներն ու նախագահը, մասնավորապես նրանցից մեկը՝ Ալվինա Գյուլումյանը, որը ժամանակին զբաղեցրել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնը, շատ լավ պետք է իմանային, որ այն դիմումը, որ իրենք ներկայացրել էին, պարզապես չէր կարող բավարարվել ՄԻԵԴ-ի կողմից, որովհետև նրանք դիմել էին կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն, այն է՝ երբ առկա է հիմնարար իրավունքների խախտման և անդառնալի վնասի ռիսկ:

Նման դիմումները բավարարվում են հիմնականում այն դեպքում, երբ առկա է լուրջ վտանգ մարդու կյանքին ու առողջությանը: Այս դեպքը պարզապես որևէ պարագայում չէր կարող հայտնվել այդ կանոնի գործողության շրջանակներում և այդ մասին նաև ՄԻԵԴ-ում նախադեպային իրավունքն է վկայում: Ես անկեղծ կլինեմ, չգիտեմ, թե ինչ ակնակալիքներով էին նրանք կոնկրետ այս միջոցի կիրառման համար համապատասխան դիմում ուղարկել Եվրոպական դատարան: Այս առումով համարում եմ, որ շատ սպասելի էր ՄԻԵԴ-ի դիրքորոշումը: Հետագայում թե իրենք ինչ կանեն, կներկայացնեն իրենց հիմնական գանգատը ՄԻԵԴ, թե ոչ, ես չեմ կարող ասել: Եթե ասում են, որ կներկայացնեն, շատ լավ, արդեն ժամանակը ցույց կտա, թե բարձր դատարանն ինչ դիրքորոշում կունենա իրենց դիմումի վերաբերյալ:

Մի շարք փաստաբաններ հարց են ուղղում՝ տեսնես ՄԻԵԴ-ին ի՞նչ է խոստացել Հայաստանի իշխանությունը, որ այսպիսի որոշում է կայացվել: Ինչպե՞ս եք գնահատում նման պնդումները:

Ճիշտն ասած, մի քիչ տարակուսելի է ինձ համար նման բառամթերքով Եվրոպական դատարանի հասցեին խոսելը, միաժամանակ հայտարարելը, թե շարունակելու ենք մեր պայքարը և ներկայացնելու ենք արդեն մեր հիմնական գանգատը: Եթե նրանք ունեն կասկած բարձր դատարանի անաչառության հետ կապված, գուցե չարժե՞ շարունակել իրենց պայքարը այդ դատարանի միջոցով: Եթե իրենք իսկապես այն մասնագիտական ունակություններն ունեին, որոնց մասին իրենք սիրում են խոսել, որ իրենց համարում են լուրջ իրավաբաններ և նաև հանրության որոշ շերտի մոտ նման կարծիք կա, նման համբավ ունեցող իրավաբանը պարզապես չէր կարող ակնկալել, որ կարող է դիմել 39-րդ կանոնով և այդ դիմումը բավարարվի կոնկրետ այս գործի շրջանակներում:

Հետևաբար նաև նման դժգոհ կեցվածքը ՄԻԵԴ-ի բավականին սպասելի որոշման հետ կապված, շատ տարակուսելի է: Ըստ էության, բարձր դատարանն ընդամենը ասել է, որ այս դիմումը, որ դուք ներկայացրել եք, 39-րդ կանոնի բան չէ, իսկ դա հասկանալու համար շատ պրիմիտիվ, տարրական գիտելիքներ է պահանջում, որը նրանք պետք է ունենային:

Վերջերս վարչապետը հայտարարեց, որ մեզ նոր Սահմանադրություն է պետք: ՀՀ նախագահն էլ հանդիպել էր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներին, որտեղ անդրադառնալով ՍԴ դատավորներին նշել էր, որ ՍԴ դատավորներից երեքին ՀՀ նախագահը պետք է նշանակի, ոչ թե առաջարկի ԱԺ-ին, և ընտրի ԱԺ-ն: ԱԺ նախագահն արդեն իր անհամաձայնությունն է հայտնել նման մոտեցմանը: Ի՞նչ եք Դուք կարծում:

Հայաստանը խորհրդարանական պետություն է, արդյոք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը որոշում կկայացնի կառավարման մոդելի փոփոխություն իրականացնե, ես չեմ կարող ասել: Այսինքն, չի կարող լինել այնպես, որ մենք լինենք խորհրդարանական երկիր, բայց բարձր դատարանը ձևավորվի նախագահի կողմից: Նախկինում ՍԴ-ն կիսով չափ ձևավորվում էր նախագահի կողմից, զուտ ելնելով մեր երկրի կառավարման մոդելից: Այսինքն, մենք կիսանախագահական պետություն էինք, և որպես այդպիսի երկիր բարձր դատարանը ձևավորվում էր կիսով չափ նախագահի, և կիսով չափ ԱԺ-ի կողմից:

Հիմա մենք խորհրդարանական պետություն ենք և եթե կառավարման մոդելի փոփոխություն չենք իրականացնում, նման նկրտումները, իմ կարծիքով, այնքան էլ չեն տեղավորվում խորհրդարանական կառավարման մոդելի շրջանակներում: Ինչևէ, դա իմ քննարկելու հարցը չէ, դա պետք է որոշի համապատասխան հանձնաժողովը, որը պետք է աշխատի սահմանադրական փոփոխությունների տեքստի վրա: Համենայնդեպս, իմ կարծիքն այն է, որ նախագահի այդ ակնկալիքը մեր կառավարման մոդելին համապատասխան չէ:

Շարունակությունը՝ lragir.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել