armtimes.com: Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Ռուսաստանում եւ այլ երկրներում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումները ծայրահեղ բնույթ են ստանում:
Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանցիները կռիվներ են հրահրում ոչ միայն Ռուսաստանում, այլեւ աշխարհի տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատների առջեւ խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնող հայերի հետ:
Երեկ գիշերը ադրբեջանցիները անցել են նաեւ այս սահմանը. 10-15 հոգանոց խմբերով հարձակվել են առանձին քաղաքացիների վրա, կանգնեցրել հայկական համարանիշներով մեքենաներն ու սկսել ծեծել վարորդներին, ջարդուփշուր անել մեքենաները:
Համացանցում տասնյակ տեսանյութեր են հրապարակվել, որոնք հպարտանալու համար նկարահանել եւ համացանցում տեղադրել են հենց ադրբեջացիները: Նրանք եղել են բժշկական դիմակներով, հայտարարել են, որ Ղարաբաղն իրենցն է, հայհոյանքներ հնչեցրել ու ծեծելուց հետո արագ փախել:
Մոսկվայի թաղամասերից մեկում ադրբեջանական խումբը ծեծել է տարեց հայ տղամարդու, հարձակվել առանց որեւէ նախազգուշացման, ստիպել ներողություն խնդրել անհայտ բանի համար:
Միջադեպերին արձագանքել է տեղի ոստիկանությունը, ներառվել են ռոսգվարդիայի եւ հատուկ նշանակության ջոկատների ծառայողներ: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ 13 ադրբեջանցի է ձերբակալվել, բերման ենթարկվածների թիվը մի քանի տասնյակի է հասնում:
Թեմայի շուրջ հարցազրույց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանի հետ։
- Պարոն Զոլյան, արտասահամանում ապրող հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումները ստանում են ծայրահեղ բնույթ: Ադրբեջանցիները սկսել են հարձակվել նույնիսկ պատահական անցորդների վրա, ջարդել հայկական համարներով մեքենաներ, վնասել խանութներ: Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին, ինչպե՞ս է հնարավոր կանխել սա:
- Տեսեք ինչ տեղի ունեցավ, սահմանային բոլոր սադրանքները ադրբեջանցիների համար շատ վատ ավարտվեցին: Նրանք պարտություն կրեցին ոչ միայն ռազմական, այլեւ դիվանագիտական ոլորտում. եթե հիշենք, թե ինչ տեղի ունեցավ Մեծամորի ատոմակայանին հարվածելու նրանց սպառնալիքից հետո, ապա վստահ կարելի է ասել, որ դա եւս պարտություն էր: Հիմա մի բան պետք է անեն, որպեսզի կարողանան զեկուցել, որ գոնե մի ճակատում հաղթանակ են տանում: Դրա համար այսպես ասած ադրբեջանական սփյուռքի ուժերով կազմակերպում են նման սադրանքներ: Իհարկե դրսում ապրող ադրբեջանցիների մեջ շատ կան մարդիկ, ովքեր ադրբեջանական վարչակարգի քարոզչության տակ հակահայկական հայացքներ են ձեւավորել եւ պատրաստ են այդ սադրանքներին մասնակցել, բայց այնուամենայնիվ, այս ամենը կազմակերպված քաղաքականություն է՝ Ադրբեջանի կողմից: Դրա մասին են վկայում բազմաթիվ փաստեր: Մենք հետեւում ենք ադրբեջանական մամուլին, տեսնում ենք ինչ են ասում ադրբեջանցի տարբեր վերլուծաբաններ, հայտնի մարդիկ: Այդ ամենը վկայում է, որ այս սադրանքները քաջալերվում են Բաքվից: Եվ պատահական չի, որ նախկինում նման երեւույթներ քիչ են եղել: Նախկինում ռազմական ճակատում գործողությունները ադրբեջանական քարոզչությունը փորձել է ներկայացնել իբրեւ հաղթանակ եւ իրենց հասարակությունը դա ինչ-որ չափով կուլ է տվել: Հիմա արդեն այնպիսի անհաջողություն են կրել, որ որեւէ ձեւով նույնիսկ իրենց ունեցած քարոզչական հնարավորություններով դա հնարավոր չէ հաղթանակ ներկայացնել: Դրա համար փորձում են ուրիշ ոլորտներում այսպես ասած հաղթանակ ունենալ: Ինչ վերաբերում է մեր հայրենակիցներին՝ այս պայմաններում իհարկե շատ զգոն պետք է լինեն եւ չտրվեն սադրանքների:
- Հաշվի առնելով մեր ազգին բնորոշ տաքարյունությունը՝ դա որոշ դեպքերում փաստորեն չի ստացվում: Այս դեպքում ի՞նչ պետք է անել՝ հետագա ավելի վատ դեպքերը կանխելու համար:
- Յուրաքանչյուր երկրում առաջին հերթին հենց այդ երկրի կառավարությունն է պատասխանատվություն կրում միջադեպերը կանխելու համար: Մենք տեսանք կադրերը, թե ինչպես են ադրբեջանցիները Մոսկվայում հարձակվել հայերի վրա, դա պարզապես հանցագործություն է: Ըստ տեղեկությունների՝ արդեն ձերբակալություններ են եղել: Ուրիշ երկրներում եւս մենք տեսանք, որ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում: Շատ կարեւոր է, որ մեր Սփյուռքի կազմակերպությունները ղեկավարեն եւ կազմակերպչական ֆունկցիաներ կատարեն, որովհետեւ ինչպես դուք ասացիք՝ կան առանձին մեր հայրենակիցներ, որոնք ցավոք սրտի տրվում են այդ սադրանքներին: Պետք է նրանց եւս կոչ անել սադրանքների չտրվել: Իհարկե եթե հարձակման են ենթարկվում, ինքնապաշտպանությունը նրանց սրբազան իրավունքն է, բայց պետք է հարձակումներ չձեռնարկեն կամ նման տեսանյութեր չտարածեն, որովհետեւ այդ ամեն ինչը աշխատում է հենց ալիեւյան վարչակազամի քարոզչության օգտին եւ մեր շահերից որեւէ ձեւով չի բխում: Փոխարենը խաղաղ, ոչ բռնի ակցիաները, որոնք եւս մեր հայրենակիցները իրականացնում են, շատ լավ է ստացվում: Մենք տեսանք Մոսկվայում ծիրանի հետ կապված ամբողջ պատմությունը: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի հայկական կողմից ագրեսիա չլինի:
Ավելի մանրամասն՝ Armtimes.com-ում։
comment.count (0)