Որոշ պաշտոնյաներ խնդրել են փոփոխություններ անել իրենց հայտարարագրում. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ
21:29 - 25 հուլիսի, 2020

Որոշ պաշտոնյաներ խնդրել են փոփոխություններ անել իրենց հայտարարագրում. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ զրուցել ենք հայտարարագրերի ուսումնասիրության գործընթացից, նոր ձևանմուշի հայտարարագրերից և պաշտոնյաների կողմից նախկին հայտարարագրերում կատարված փոփոխություններից։

- Հուլիսի 22-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը  200 000 դրամ տույժ կիրառեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի նկատմամբ։ Սա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար նախադեպայի՞ն էր։

- Այո', մեր հանձնաժողովի համար սա նախադեպային էր։ Սա ազդակ էր, որ հայտարարագրման ենթակա որևէ տվյալ թաքցնելու հնարավորություն պաշտոնատար անձինք չպետք է ունենան։ Իսկ նման բոլոր դեպքերի համար կիրառվելու է պատասխանատվություն։ Բայց մեր առաջնահերթ խնդիրը ոչ թե անմիջականորեն պատժելն է, այլ օրինական դաշտ բերելը։

- Պաշտոնատար անձինք հնարավորություն ունեն փոփոխություն կատարել իրենց հայտարարագրերում։ Շա՞տ պաշտոնյաներ են դիմել նախկին հայտարարագրերում փոփոխություն կատարելու համար

- Այդ հնարավորությունը նախկինում էլ կար։ Որոշ պաշտոնյաներ խնդրել են փոփոխություններ անել իրենց հայտարարագրում, առավել ևս, երբ ընկալելի դարձավ, որ փաստացի առկա գույքը, եկամուտը, դրամական միջոցները, ժառանգությունը, նվիրատվությունը չգրանցելը կարող է հետևանքներ առաջացնել, հոսքը բավականին մեծացավ։ Դրանք վերաբերում են ավելի վաղ ժամանակահատվածին և պարունակում են խնդրանք՝ ուղղել նախկինում չգրանցված գույքի վերաբերյալ հայտարարագրում առկա տվյալը, եկամուտը շտկել, նույն արժեթղթերը, շահերը։ Սա մեզ համար բավականին ոգևորիչ է, որ օրինականության պահանաջը արժանացել է լուրջ վերաբերմունքի։

Քանի որ հայտարարագրման մեջ առաջին անգամ տվյալներ գրանցելու կարիք է առաջացել, օրինակ՝ դրամական միջոցների ծագման մասով, առկա գույքը նորից հայտարարագրելու մասով, մենք չենք բացառել, որ կան և կլինեն դեպքեր, երբ անձն ավելի վաղ այդ նույն տվյալի վերաբերյալ տեղեկությունը չի գրանցել հայտարարագրում։ Հանձնաժողովը, յուրաքանչյուր փոփոխություն կատարելու դիմում ստանալիս, գրանցում է, թե ինչ տեղեկություն է ենթարկվելու փոփոխության, իրավապահ մարմիններին ուղարկվում են լրացույցիչ հարցումներ այդ տվյալի վերաբերյալ՝ արդյոք այլ տեսակի գործերով դրանք ապացույց չեն հանդիսանում, որպեսզի հանկարծ այդ փոփոխությունը որևէ ձևով չառաջացնի նաև մյուս հնարավոր գործով որևէ դժվարություն։ Մենք նույնպես ուսումնասիրում ենք՝ արդյոք այդ տվյալը ավելի վաղ մամուլի կողմից հրապարակված չի եղել, քանի որ օրենքի պահանջով, եթե երրորդ անձի կողմից այդ տվյալն արդեն հասանելի է դարձել կամ հրապարակվել է, տվյալի փոփոխությունը չի թույլատրվում։ 

- Այս պահին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ի՞նչ ուսումնասիրություններ է կատարում։

- Հիմնական և առաջնային ուսումնասիրությունը, որ այս պահին հանձնաժողովը իրականացնում է, երկու մասի կարելի է բաժանել։ Առաջինը հայտարարագրերի ուսումնասիրությունն է և, ըստ համապատասխան դիմումների, պետական պաշտոնների նշանակման ենթակա անձանց բարեվարքության ստուգման առնչությամբ ուսումնասիրությունն է։ Զուգահեռաբար իրականացվում են պաշտոնատար անձանց հայտարարարագրերի ուսումնասիրություն։ Այս պահին, ըստ օրենքի դրված առաջնահերությունների, Բաձրագույն դատական խորհրդի անդամներն են, հաջորդիվ՝ սահմանադրական դատարանի անդամ դատավորները, նաև ամբողջ դատական համակարգի դատավորների հայտարարագրերի ուսումնասիրություն է։ Ժամանակահատվածը ներառում է 2011 թվականից մինչ 2019 թվականի տարեկան հայտարարագրերը։ 

- Ովքե՞ր են ուսումնասիրում պաշտոնատար անձանց հայտարարագրերը։

- Հաշվի առնելով, որ հայտարարագրերի խորքային ուսումնասիրություն է իրականացվում՝ ոչ միայն մաթեմատիկական տվյալների համադրություն, այլ խորքային, աուդիտորական ուսումնասիրության սխեմայով, հիմնական աշխատանքը բովանդակային առումով իրականացվում է հանձնաժողովի անդամների կողմից։ Նրանցից մեկը աուդիտոր է, մյուսը եղել է բանկային ոլորտում, հենց ֆինանսական խարդախությունների և փողերի լվացման գործով մասնագետ է։ Իսկ ես և հանձնաժողովի մյուս անդամը իրավաբաններ ենք և ապահովում ենք այդ ուսումնասիրության ընթացքում օրինականությունն այնպես, որ կազմված փաստաթղթի նկատմամբ որևէ հնարավոր անվստանհություն հայտնելու հիմքեր չլինեն։

 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել