Հայաստանի վրա հարձակումը կապված է Ադրբեջանի ներքին խնդիրների հետ․ դեսպան Մկրտումյանի հարցազրույցը |armenpress.am|
15:25 - 29 հուլիսի, 2020

Հայաստանի վրա հարձակումը կապված է Ադրբեջանի ներքին խնդիրների հետ․ դեսպան Մկրտումյանի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը հարցազրույց է տվել  արգենտինական «Clarín» թերթին, որում անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիային հայ-ադրբեջանական սահմանին։ 

Արգենտինական թերթում լույս տեսած հարցազրույցի նախաբանում նշվում է

Արգենտինայում Հայաստանի դեսպան Էսթերա Մկրտումյանը զգուշացնում է, որ իրավիճակը շատ անկայուն է Հարավային Կովկասում, որտեղ Ադրբեջանը վերջին երկու շաբաթների ընթացքում չորս անգամ հարձակում է գործել հայկական գյուղերի ուղղությամբ` կիրառելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր: Կա շուրջ քսան զոհ, վնասվել են ջրամատակարարման համակարգեր և էլեկտրական ցանցերը: Առկա է հակամարտության ծավալման մտավախություն մի տարածաշրջանում, որտեղ Թուրքիան մեծ դերակատարում ունի որպես Ադրբեջանի իշխող դինաստիայի դաշնակից:

Հարց. Արդյո՞ք առաջին անգամ է հարձակման ենթարկվում Հայաստանի սահմանը:

Էսթերա Մկրտումյան. Առաջին անգամ է, որ հարձակումն ունի նման ծավալ՝ հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Տեղագրական առումով, Տավուշի մարզի հայկական գյուղերը շատ մոտ են գտնվում միջազգային սահմանին և բավականին հասանելի թիրախ են հանդիսանում: Տեղի է ունեցել չորս հարձակում, ինչի հետևանքով երկու կողմերում էլ զինվորականներ են զոհվել և վիրավորվել:

Հարց. Ադրբեջանը պնդում է, որ հայկական զինված ուժերն են հարձակվել իրենց զորքերի վրա:

Էսթերա Մկրտումյան. Այդ հայտարարություններն անհիմն են և որևէ կերպ իրականությանը չեն համապատասխանում` հաշվի առնելով հատկապես Տավուշի մարզի գյուղերի և քաղաքների խոցելիությունը:

Հարց. Ի՞նչ եք կարծում, որո՞նք են հատկապես այս պահին Ադրբեջանի կողմից հարձակման դրդապատճառները:

Էսթերա Մկրտումյան. 1991թ.-ին, Խորհրդային միության կազմալուծման արդյունքում իր անկախացումից ի վեր, Ադրբեջանում ներքաղաքական գործընթացներն անկայուն զարգացում են ունեցել՝ հանգեցնելով ներկայիս դինաստիային բնորոշ և ավտորիտար ռեժիմին: Ինչպես պատահում է ամբողջատիրական ռեժիմների մեծամասնության պարագայում, փորձ է արվում ներքին խնդիրները և բնակչության դժգոհությունները քողարկել արտաքին բախումներով` երկրում ավելի խորացնելով ազգայնական տրամադրությունները: Նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված վարակվածության մակարդակը, սանիտարահիգիենիկ պատրվակներով անձի ազատությունների սահմանափակումները, ոչ այնքան բազմազան տնտեսության հիմնական աղբյուր հանդիսացող նավթի գնի կտրուկ անկումը, ինչպես նաև առկա սոցիալական ծանր իրավիճակը, երկրի արևմտյան հատվածում ջրային պաշարների սահմանափակումները, ռեժիմի դեմ համատարած բողոքի համատեքստը, պետական համակարգում առկա կոռուպցիան, հայկական բանակի հաջողությունները, Հայաստանի դեմ իրականացված հարձակումների ընթացքում ադրբեջանցի գեներալի մահը և վերջին ժամանակներս սպառազինման մրցավազքում ծախսերի հիմնավորման անհրաժեշտությունն այս հարձակումների հիմքում ընկած պատճառներն են:

Հարց. Պատրաստվում է արդյո՞ք Ադրբեջանը ռազմական գործողություններ ծավալել: Արդյո՞ք հենց այդ նպատակով է վերջինս հզորացել իր սպառազինությունները:

Էսթերա Մկրտումյան. Ադրբեջանը սպառազինությունների մրցավազքը դարձրել է պետական քաղաքականություն: Զենքի միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման կամքը կոտրելու նկրտումները հակասում են համայն մարդկության խաղաղասիրական ձգտումերին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: Ադրբեջանական կողմի ռազմատենչ վերաբերմունքին և սպառազինությունների հարստացմանն ի պատասխան` Հայաստանը պետք է պատրաստի վիճակում պահի պաշտպանական հնարավորությունները՝ իր, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար:

Հարց. Կա արդյո՞ք Հայաստանում Ադրբեջանի հետ պատերազմի մտավախություն: Հնարավո՞ր է նման սցենար:

Էսթերա Մկրտումյան. Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների կողմից բանականության հետ որևէ աղերս չունեցող ատելության հռետորաբանությունը, որով քարոզում են ոճրագործությունների կատարել Հայաստանի և հայ ժողովրդի դեմ, ինչպես նաև Ալիևի և իր գործընկերների կողմից համաշխարհային մակարդակով հայ ժողովորդին դատապարտող մշտական հայտարարությունները` Հայաստանը կարող է ակնկալել Լեռնային Ղարաբաղի, կամ, ինչպես վերջին օրերին ականատես եղանք, անմիջականորեն Հայաստանի դեմ իրականացվող ցանկացած անկանխատեսելի գործողություններ: Որևէ սցենար չի բացառվում և պետք է պատրաստ լինել ցանկացած արտակարգ իրավիճակի:

Հարց. Արդյո՞ք Ադրբեջանը սպառնացել է հարձակման ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմակայանը:

Էսթերա Մկրտումյան. Այո', ճիշտ է: Այդ հայտարարությունները հնչել են անմիջապես Բաքվի պաշտպանության նախարարությունից, որը, որպես ուղիղ սպառնալիք, նշում է, որ Ադրբեջանն ունի Մեծամորի ատոմակայանը հրթիռային հարձակման ենթարկելու համար անհրաժեշտ զենքերը: Սա աննախադեպ է միջուկային կայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրման ժամանակներից ի վեր: Այդ անպատասխանատու հայտարարությունը, կարծես թե, հաշվի չի առնում այն փաստը, որ նման հարձակումը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ և տարածաշրջանային մասշտաբով հանգեցնել բնապահպանական և մարդասիրական աղետի:

Հարց. Ի՞նչ դեր է կատարում Թուրքիան այս ճգնաժամում:

Էսթերա Մկրտումյան. Թուրքիան լիովին սատարում է Ադրբեջանին, ինչը վերջերս վերահաստատել է իր նախագահի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հայտարարություններով: «Մեկ ազգ, երկու պետություն» հայտնի և տարածված կարգախոսով Թուրքիան և Ադրբեջանն ընգծում են իրենց ծագումնաբանական ընդհանրությունը, ազգային, մշակութային, լեզվական և կրոնական ընդհանուր ինքնությունը, ինչպես նաև համընդհանուր շահերն ու Հայաստանի նկատմամբ թշմանանքը: Այս տարածքներում Հայաստանի պատմությունը սկսվել է ավելի քան երեք հազարամյակ առաջ, միջնադարյան ժամանակաշրջանի ավարտին, Կենտրոնական Ասիայից մոնղոլական և թուրքական հորդաների ժամանելուց ավելի քան երկու հազար տարի առաջ; Պատմությունը չի արձանագրել մեկ այլ երկիր, որը մի ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն իրագործելուց հետո, բացահայտ կերպով սատարի նույն ժողովրդի դեմ ագրեսիան և ամբողջ աշխարհով հայտարարի իր մտադրությունների մասին:

Հարց. Ո՞րն է գերտերությունների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի դիրքորոշումը:

Էսթերա Մկրտումյան. Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Եվրոպան ներկայացնող Ֆրանսիան, համանախագահում են Մինսկի խումբը, որը հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններ վարելու միջազգային հիմնական մարմինն է և գործում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և ՄԱԿ-ի մանդատներով: Հետևաբար, այս երկրները խորապես խաղաղության կողմնակից են: Այն դեպքում, երբ նշվում է, որ վերջնական լուծումը հնարավոր է ուժի կամ ուժի սպառալիքի չկիրառման, ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների միաժամանակյա իրականացման դեպքում, Ադրբեջանն ուղղակիորեն դեմ է, որ այդ տարածքներում հազարամյակներ շարունակ ապրող ժողովուրդը որոշի իր ճակատագիրը և ապագան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել