azatutyun.am: Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 22,1 միլիոնը, հիվանդությունից մահացել է ավելի քան 781 հազար, ապաքինվել՝ 14,1 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Մինչ մի քանի երկրներ շարժվում են Covid-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նամակ է հղել ԱՀԿ անդամ բոլոր պետությունների կառավարություններին՝ կոչ անելով ապագա պատվաստանյութով ապահովել դրա կարիքն ունեցող բոլոր երկրներին, այլ ոչ միայն սեփական բնակչությանը: «Մենք պետք է կանխենք «պատվաստանյութային ազգայնականությունը»: Ոչ ոք չի կարող անվտանգ լինել, քանի դեռ բոլորն ապահով չեն», - ընդգծել է նա:
Ֆրանսիայում սեպտեմբերի 1-ից սկսած դիմակ կրելն աշխատավայրում պարտադիր կլինի՝ խոսքը վերաբերում է փակ տարածքներին, որտեղ աշխատում է մեկից ավելի մարդ: Կառավարությունն այդ որոշումը կայացրել է արհմիությունների հետ խորհրդակցելուց հետո, ասել է աշխատանքի նախարար Էլիզաբեթ Բորնը:
Հարավային Կորեան էլ կրկին սահմանափակում է զանգվածային միջոցառումների անցկացումը: Սեուլում և մերձակա Ինչհոն մեծ նավահանգստում կրկին արգելվել են 50-ից ավելի մարդու մասնակցությամբ միջոցառումները փակ տարածքներում, փակվում են բարերն ու կարաոկե ակումբները: Երկրում, որը համարվում էր, թե հաղթել է կորոնավիրուսին, հինգերորդ օրն անընդմեջ նոր դեպքերի քանակը եռանիշ թվերով է արտահայտվում: Երեքշաբթի օրը վարակվել է 246 մարդ: Մասնավորապես կրոնական հավաքույթներն են դարձել վարակի տարածման վայրեր:
comment.count (0)