Լիբանանահայ գաղթօջախի պահպանմանը նպաստում է նաև Արցախը. նախագահը խորհրդակցություն է անցկացրել
09:17 - 26 օգոստոսի, 2020

Լիբանանահայ գաղթօջախի պահպանմանը նպաստում է նաև Արցախը. նախագահը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցության ծրագրերին։

Զեկուցմամբ հանդես է եկել Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպող և համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը։

Նրա խոսքով՝ բացի պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից օրերս հատկացված 25 մլն ՀՀ դրամ օժանդակությունից, ԱՀ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին հավաքագրվել է ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, և այն ավելացնելու համար տարբեր նախաձեռնություններ են իրականացվում:

Հյուսնունցը տեղեկացրել է նաև, որ Լիբանանից Արցախ են ժամանել առաջին երկու հայրենադարձ ընտանիքները, որոնց կացության համար ստեղծված են բոլոր պայմանները:

Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ, թեպետ չափազանց կարևոր է պահպանել Լիբանանի հայկական համայնքի՝ որպես կայացած գաղթօջախի ամբողջականությունը, ինչին իր ուժերի ներածին չափով նպաստում է նաև Արցախի կառավարությունը, այնուամենայնիվ, բոլոր մեր այն հայրենակիցներին, ովքեր ցանկություն կունենան տեղափոխվելու, պատրաստ են ընդունելու և ապահովելու կացարանով, աշխատանքով, ինչպես նաև սոցիալական այլ երաշխիքներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել