Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո հայ համայնքի վիճակը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենին։ Արամ Ա հայրապետի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ երեկ՝ սեպտեմբերի 9-ին, վեհափառն ընդունել է Հայկակ Արշամյանին եւ նրան ընկերակցող Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին։
Անդրադարձ է եղել Հայաստանի օժանդակությանը Լիբանանի ժողովրդին եւ մասնավորապես հայ համայնքին։ Վեհափառ հայրապետն ընդհանուր գծերով ներկայացրել է պայթյունից հետո համայնքում տիրող դրությունը, ինչպես նաեւ վերականգման աշխատանքները, գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամից մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ կատարված օժանդակությունն ու մարդասիրական առաքելությունը Լիբանանի եւ Սիրիայի հայ համայնքներին։
Ըստ Արամ Ա հայրապետի՝ հիմնադրամի օժանդակությունները տրամադրվելու են Լիբանանի եւ Սիրիայի հայ համայնքների բոլոր հայկական դպրոցների ուսուցիչներին եւ աշխատակիցներին, իսկ Սիրիայի դեպքում օժանդակություն է տրվելու նաեւ կորոնավիրուսով վարակված հայորդիների բժշկական ծախսերի փոխհատուցման համար։
comment.count (0)