armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Լիլիթ Մակունցն ու Հերիքնազ Տիգրանյանը նոր օրենքի նախագծով առաջարկում են խստացնել պետական ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին ներկայացվող պահանջները: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Վարազդատ Կարապետյանը:
«Գործող ընթացակարգով միայն բարձրագույն կրթությունը բավարար է, որ մարդը կարողանա մասնակցել ցանկացած պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի մրցույթին: Հիմա մենք ավելացնում ենք նաև երկու տարվա համապատասխան մասնագիտական ստաժը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
Որոշ դեպքերում, օրինակ կրթության մասին կամ մասնագիտական կրթության մասին օրենսդրությամբ այդ ոլորտներում գործող ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրությունը կարգավորվում է այդ օրենսդրությամբ: Դրա համար սա չի վերաբերվի օրինակ դպրոցների տնօրենների ընտրությանը»,-ասաց Կարապետյանը:
Կրթության, միջնակարգ մասնագիտական կրթության հաստատությունների տնօրենների ընտրությունը կկարգավորվի համապաստախան օրենսդրությամբ: Գործող օրենսդրությամբ, եթե մարդն ունի դատվածություն և այդ դատվածությունը մարված կամ հանված է, ապա նա կարող է մասնակցել տնօրենի ընտրության մրցույթին:
«Մենք գտնում ենք, որ եթե դատվածություն ունի, ապա չի կարող մասնակցել»,-նշեց Կարապետյանն ու հավելեց՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, սակայն, փոփոխություն կկատարեն՝ կսահմանեն, որ չի կարող մասնակցել ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության մրցույթին, եթե մարդը դիտավորյալ գործած հանցագործության արդյունքում դատվածություն ունի:
Սահմանվում է նաև, որ տնօրենի պաշտոնին հավակնող անձնավորությունը պետք է մշակի տվյալ կազմակերպության զարգացման հայեցակարգ, անցնի քննության երկու փուլ և բանավոր փուլի ժամանակ ներկայացնի հայեցակարգը և պատասխանի հարցերին՝ հայեցակարգի մասին:
Ինչ վերաբերվում է տնօրենի ժամանակավոր պաշտոնկատարի նշանակմանը, սահմանվում է, որ վեց ամիս ժամկետով կարող է նշանակվել և ժամկետը կարող է երկարաձգվել միայն մեկ անգամ՝ վեց ամիս ժամկետով՝ կառավարության որոշմամբ: Այսինքն՝ նույն մարդը 12 ամսից ավելի չի կարող ժ/պ նշանակվել՝ անգամ, եթե տնօրենի ընտրության մրցույթը չի կայացել:
Կառավարությունը պետք է հաստատի տնօրենների ընտրության ընթացակարգը:
comment.count (0)