Հակառակորդը ունի մոտ երկու հարյուր մարդկային կորուստ․ Արծրուն Հովհաննիսյան
22:02 - 27 սեպտեմբերի, 2020

Հակառակորդը ունի մոտ երկու հարյուր մարդկային կորուստ․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր երեկոյան տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ շփման գծում մարտերը այս պահին դեռ շարունակվում են, հակառակորդը ունի զգալի կորուստներ՝ մոտ երկու հարյուր մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ներ։

Անդրադառնալով հայկական կողմի վիրավորներին՝ նա նշեց․

«Մոտ հարյուր վիրավորներից, որ կրել են հայկական բանակի ստորաբաժանումները, 10 զինծառայող տեղափոխվել է Երևան, ստացել բուժօգնություն, մնացածի վիճակը առավել թեթև է»։ 

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի սահմանին ևս լարվածություն կա, և քննարկումներ ընթանո՞ւմ են ՀԱՊԿ-ի հետ՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Վարդենիսի տարածաշրջանը ենթարկվել է հրետակոծության, իսկ ՀԱՊԿ-ի վերաբերյալ տեղեկություններ առայժմ չհաղորդեց։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց՝ Ադրբեջանը օրվա ընթացքում ոչ մի նյութ չի տեղադրել որևէ բնակավայր «ազատագրելու» կամ փաստացի գրավելու մասին։

«Եղել են բարձրագոչ հայտարարություններ, բայց նույնիսկ կեղծ տեսանյութեր չկային։ Մեկ տեսանյութ են հրապարակել, իբր Մարտակերտը լքող բնակիչների մասին, բայց պարզվեց՝ 2015-16թթ․այլ միջադեպից մոնտաժ արված նյութ էր։ Նույնիսկ որևէ մեկ դիրքի, զինտեխնիկայի խոցման կադր չեն հրապարակել։ Դրան հակառակ՝ մենք ցուցադրել ենք փաստագրական մի քանի տեսանյութեր, որտեղ երևում է նրանց տեխնիկաների ոչնչացումը»,- ասաց նա։

Անդրադառնալով սիրիացի գրոհայինների վերաբերյալ լուրերին՝ նա հայտնեց․

«Մենք այս պահին տիրապետում ենք որոշակի հստակություն պարունակող տեղեկությունների և՛ գրոհայինների մասով, և՛ Թուրքիայի միջամտության մասով, և՛ թուրքական արտադրության զինատեսակների կիրառման մասով ադրբեջանական ԶՈՒ-ում։ Դրանք արդեն կասկած չհարուցող փաստեր են, բայց բաներ կան, որ ճշգրտումների կարիք ունեն։ Ժամանակի ընթացքում կհավաքենք ավելի շատ փաստեր և հստակ ապացույցներով կխոսենք»։ 

Արծրուն  Հովհաննիսյանը անդրադարձավ նաև Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների հարցին՝ նշելով, որ թալիշներին, լեզգիներին և այլ փոքրամասնությունների Ադրբեջանը մշտապես օգտագործել է՝ թշնամություն սերմանելով հայ ժողովրդի նկատմամբ, զորակոչում համամասնությունը խախտելով, այս փոքրամասնություններին պատկանող զորակոչիկներին կամ պահեստազորայիններին մշտապես ուղղորդելով առաջնագիծ և հաշվի չառնելով նրանց կյանքի իրավունքը և այլ հարցեր։

«Մենք այս հարցը բարձրացրել ենք և մեր կովկասցի եղբայր ժողովուրդներին միշտ ապացուցել ենք ադրբեջանցիների վարած քաղաքականությունը»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել