Առաջին անգամ ռազմադաշտից․ Հայաստանի դեմ կռիվներում Ադրբեջանի կողմից զոհված սիրիացի վարձկանի լուսանկարը․ «Ջիսր»
20:32 - 30 սեպտեմբերի, 2020

Առաջին անգամ ռազմադաշտից․ Հայաստանի դեմ կռիվներում Ադրբեջանի կողմից զոհված սիրիացի վարձկանի լուսանկարը․ «Ջիսր»

Քուվեյթական «Ջիսր» թերթը տեղեկացնում է, որ իրեն հաջողվել է ձեռք բերել ադրբեջանական ռազմադաշտից առաջին լուսանկարը։ Կադրում տեսնում ենք «Սիրիական ազգային բանակին» պատկանող վիրավոր մի զինվորի, ում վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ լուսանկարն անելուց րոպեներ անց վերջինս մահացել է։

Ըստ թերթի աղբյուրի՝ լուսանկարում պատկերված զինվորը Աբդուռազզակ Ալ-Մուլկաբ Բաբի Հարիրան է, որը Հոմսի շրջանի Թասնին գյուղից է։ Նշվում է նաեւ, որ իրենց աղբյուրին հաջողվել է բացահայտել երեք օր առաջ տեղի ունեցած կռիվների ժամանակ «Սիրիական ազգային բանակին» պատկանող եւս երեսուն զինվորների մահվան հանգամանքը, որոնք «զոհվել են հարձակման ծրագրի մեջ թերանալու եւ առանց անհրաժեշտ թիկունքային պաշտպանության առաջ մղվելու պատճառով»։

Հաջողվել է ճշտել զոհերից երկուսի անունները, որոնցից մեկը վերեւում հիշատակված Աբդուռազզակ Ալ-Մուլկաբ Բաբի Հարիրան է (ազգությամբ թուրքմեն), իսկ երկրորդը՝ Աբու Շադի ալ-Աքարին, որը Հյուսիսային Հոմսի ազ-Զաֆրանի գյուղից է:

Աղբյուրը նաեւ հաղորդում է, որ ինֆորմացիայի եւ լուսանկարների սակավությունը բացատրվում է «Սիրիական ազգային բանակին» պատկանող զինվորների վրա դրված պատժամիջոցներով՝ նրանց վճարվող գումարի զրկումից մինչեւ բանտարկություն եւ վտարում։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել